ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹԲԻԼԻՍԻԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆԸ. ԿԼԱԱՐ
Եվրամիությունն աջակցում է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում կամրջի դեր ստանձնելու Թբիլիսիի ցանկությանը՝ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումը։
«Կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը: Վրաստանի դերն էլ շատ կարևոր է՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- նշել է նա։
Կլաարը հավելել է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել են այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված քայլերը:
«Հուսով եմ՝ ապագայում Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև գործակցությունն էլ ավելի կակտիվանա»,- շեշտել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Կլաարը նաև կարծիք է հայտնել, որ Թբիլիսին կարող է հանդես գալ որպես բարձր մակարդակի և այլ ձևաչափերով հանդիպումներ անցկացնելու հարթակ։
«Հարավային Կովկասի երկրները պետք է փորձեն գործակցության ոլորտներ գտնել, օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ հարցերում: Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- ընդգծել է Կլաարը։
ԼՂ ՄԱԿ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ. ՌԴ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավարը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարն այնքան էլ իրատեսական չէ: Պյոտր Իլյիչևի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետորեն լուծում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները: Պաշտոնյան նշել է նաև, որ կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել, քանի որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը աջակցում են նրանց աշխատանքին, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում առավել կարևոր է երկու կողմի բարի կամքը՝ դադարեցնելու հակամարտությունը կամ վերացնելու դրա հետևանքները:
«Միջազգային կազմակերպություններից Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները ԼՂ մուտք գործելու թույլտվություն չեն ստացել»,- ասել է պաշտոնյան: Իլյիչևի խոսքով` «այդ հարցում դժվարությունները պայմանավորված են կառույցների անկողմնակալության, տարածաշրջան մուտք գործելու, հաշվետվողականության, վերահսկողության և մարդասիրական գործունեության իրավական հիմքերի շուրջ հակասություններով:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՌԱՇՏ-ԱՍՏԱՐԱ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման հարցին:
«Հյուսիս-հարավ միջանցքն ամբողջացնող Ռաշտ-Աստարայի կառուցումը, որը պետք է իրականացվի ռուսական ներդրումների հաշվին, տարածաշրջանում ապրանքների տարանցման ու առևտրային հարաբերությունների համար ռազմավարական նշանակության իրադարձություն կլինի»,- ասել է Շամխանին:
Պաշտոնյաները քննարկել են նաև այլ ոլորտներում գործակցության և պատժամիջոցներին համատեղ ուժերով դիմակայելու հետ կապված հարցեր, բարձր գնահատել Իրան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման դինամիկան: