Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ հերթական առաջարկներն է ստացել Ադրբեջանից, և պայմանագրի տեքստի վրա աշխատանքը շարունակվում է, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Բեռլինում Գերմանիայի իր գործընկեր Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: Միրզոյանը շեշտել է` թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, բանակցային գործընթացը շարունակվում է:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսված էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը: Այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը, և չնայած այս հանգամանքին՝ մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ:
Անշուշտ, պետք է նշեմ, որ այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե, իհարկե, չասենք, որ խոչընդոտում են Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, անկախ նրանից` դա Հայաստանի Հանրապետությունն է, թե Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ագրեսիվ գործողությունները, ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, մեր տարածքներն օկուպացված պահելը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը:
ԼՂ ՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՏՈՏԱԼ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Արարատ Միրզոյան - Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120.000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ` կտրված ամբողջ աշխարհից: Եվ սա շարունակվում է արդեն երկու ամիս: Կարո՞ղ եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքից: Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդած այլ ագրեսիվ գործողությունները, ինչպես, օրինակ, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում ունեն մեկ նպատակ՝ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները և, ըստ էության, դրանով իսկ զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը ընդգծել է՝ պետք է հարգել Հայաստանի և Արդբեջանի տարածքային ամբողջականությունը, որը հաստատված է 1991 թ. միջազգային փաստաթղթերում, իսկ ԵՄ առաքելության դերը չեզոք դիտորդությունն է: Գերմանիայի գլխավոր դիվանագետը քննադատել է Լաչինի շրջափակումը:
Անալենա Բերբոք (Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար) - Կարևոր է, որ շրջափակմանը անմիջապես վերջ դրվի, Ադրբեջանն ու Ռուսաստանը կատարեն իրենց պարտավորությունները: Մենք ԵՄ դիտորդական առաքելություն ենք ուղարկել, որն իր ներկայությամբ վստահության մթնոլորտ կստեղծի ու նաև կոնկրետ կապեր կապահովի:
ԳԴՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆԸ. ԲԵՐԲՈՔ
Արտգործնախարար Միրզոյանը հիշեցրել է՝ վերացված չեն նաև 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են չպարզված:
Տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում կարևոր է սահմանազատման ու սահմանագծման գործընթացն ավարտին հասցնելը, շեշտել է Գերմանիայի արտգործնախարարը: Գերմանիան պատրաստակամ է մասնագետների ներգրավմամբ աջակցել գործընթացին: Բերբոքն առանձնացրել է չորս հարց, որոնց լուծմանը Բեռլինը կարող է նպաստել.
Անալենա Բերբոք - Առաջինը դիակները գտնելն ու հարազատներին հանձնելն է, երկրորդը Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի զատումը: Առանց հստակ սահմանների` խաղաղության երազը հեռու է մնալու: Գերմանիան պատրաստ է իր մասնագետներով աջակցել սահմանազատման գործընթացին: Երրորդը՝ Գերմանիան արդեն իսկ աջակցում է ականազերծմանը: Եվ չորրորդը կիբեռանվտանգության ոլորտում գործակցությունն է երկու կողմերի հետ:
Արարատ Միրզոյանը ընդգծել է՝ չնայած Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ու հռետորաբանությանը, Հայաստանը վճռական շարունակում է հետևել խաղաղության օրակարգին: Հայաստանի գլխավոր դիվանագետը Բեռլինում անդրադարձել է նաև Թուրքիայի հետ երկխոսությանը:
Արարատ Միրզոյան - Տեղյակ եք հավանաբար, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը որոշեցին վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ Սա հերթական և դրական քայլ է, և մենք հույս ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և ավելի շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի: Հայաստանի կողմից ուզում եմ նաև այս հարցի առնչությամբ վերահաստատել խաղաղ, համագործակցային և կայուն տարածաշրջան ունենալու դիրքորոշումը։
Միրզոյանը շեշտել է՝ Գերմանիայի հետ գործակցությունը շարունակվելու է տարբեր հարթակներում: Հայաստանի համար կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան