ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 8000-Ը
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հատել է 8000-ը՝ հայտնում է CNN-ը։ Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է 2500-ը, վիրավորներինը՝ 4000-ը:
Թուրքիայի փոխնախագահը հայտնել է, որ վերջին տվյալով՝ զոհվել է 7000-ից ավելի մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 37.000-ը։ Ավերվել է 5700 շինություն: Նրա խոսքով՝ տեղերում աշխատում է 16.000-ից ավելի որոնողափրկարարական թիմ: Երկրաշարժից տուժած 10 բնակավայրում արտակարգ դրություն է հայտարարվել, այն կգործի 3 ամիս։ Փետրվարի 7-ին նույնպես հետցնցումներ են արձանագրվել: Երկրաշարժ է գրանցվել նաև Իսրայելում:
Թուրքիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ շուրջ 90 երկիր և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Հունաստանը, օգնություն են առաջարկել երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թվիթերի իր միկրոբլոգում թուրքերեն գրառում է կատարել. «Հարգում ենք փրկարարների գերմարդկային ջանքերը: Հույներն ու թուրքերը կողք կողքի պայքարում են՝ փրկելով կյանքեր»։
Կիպրոսը նույնպես առաջարկել է փրկարարական խումբ ուղարկել Թուրքիա, սակայն, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ Անկարան մերժել է առաջարկը:
ԱՄՆ-Ը ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել Կոնգրեսում, հայտարարել՝ Ուկրաինայում պատերազմը փորձություն է Վաշինգտոնի և ողջ աշխարհի համար: Ջո Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ քաղաքական ուժերը միասնական են Կիևին աջակցելու հարցում։ Բայդենը հավելել է, որ պատերազմը և կորոնավիրուսը հանգեցրել են գնաճի և էներգետիկ ու պարենային ճգնաժամի, միաժամանակ տեղեկացրել՝ Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը չեղարկելու մասին։
Բայդենը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը շրջադարձային փուլում է, երկիրը պետք է հաղթահարի ներքաղաքական պառակտումը, իսկ ներկայումս կայացվող որոշումները ուղենշելու են նրա զարգացման ընթացքը։ Նախագահը շեշտել է ժողովրդավարությունը պաշտպանելու և ամրապնդելու կարևորությունը:
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Չինաստանի հետ հարաբերություններին, շեշտել՝ Վաշինգտոնը վճռական է աշխատել Պեկինի հետ այն հարցերում, որոնք կօգնեն առաջ մղել Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի շահերը։
«Եթե Չինաստանը սպառնա մեր ինքնիշխանությանը, մենք կպաշտպանենք մեր երկիրը. հենց դա էլ արեցինք անցած շաբաթ»,- ասել է նա՝ նկատի ունենալով փետրվարի 4-ին ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական հետախուզական օդապարիկի խոցումը:
Բայդենը նաև Կոնգրեսին կոչ է արել ընդունել օրենքներ, որոնք կսահմանափակեն սոցիալական ցանցերի օգտատերերի, հատկապես երեխաների անձնական տվյալների հավաքագրումը։
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Փարիզի և Ֆրանսիայի մի շարք այլ բնակավայրերի շուրջ 800.000 քաղաքացիներ ցույցեր են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով կենսաթոշակային փոփոխությունների դեմ, որոնց համաձայն 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Օրինագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը: Ֆրանսիայի վարչապետը հույս է հայտնել, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ամռանը:
Երկրում կենսաթոշակային փոփոխությունների դեմ ցույցերը մեկնարկել են փետրվարի սկզբին, արհմիությունների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է 2 միլիոն մարդ, որից 400.000-ը՝ Փարիզում։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել, վերջիններս պայթուցիկներ են նետել իրավապահների ուղղությամբ։
Ոստիկաններն էլ արցունքաբեր գազ են կիրառել։ Մայրաքաղաքում բերման է ենթարկվել շուրջ 20 մարդ:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 178 LEOPARD ՏԱՆԿ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Կիևին 178 Leopard տանկ մատակարարելու որոշումը։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ այսպիսով Բեռլինը և միջազգային գործընկերներն աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Տանկերի վերանորոգումը, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների ուսուցումն իրականացվում են Եվրոպայում։
Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավելել է, որ Leopard մարտական տանկերի մի մասը Կիև կտեղափոխվի մինչև մարտի վերջ։