Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարն այդքան էլ իրատեսական չէ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավարը՝ «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում:
Պյոտր Իլյիչևի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ լուծում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները: Պաշտոնյան նշել է նաև, որ կարիք չկա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտել, քանի որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանն աջակցում են նրանց աշխատանքին, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում առավել կարևոր է երկու կողմի բարի կամքը՝ դադարեցնելու հակամարտությունը կամ վերացնելու դրա հետևանքները:
«Միջազգային կազմակերպություններից Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները ԼՂ մուտք գործելու թույլտվություն չեն ստացել»,- ասել է պաշտոնյան: Իլյիչևի խոսքով` այդ հարցում դժվարությունները պայմանավորված են կառույցների անկողմնակալության, տարածաշրջան մուտք գործելու, հաշվետվողականության, վերահսկողության և մարդասիրական գործունեության իրավական հիմքերի շուրջ հակասություններով: