Թափանցիկություն, հաշվետվություն, նորարարություն, մասնակցություն. սրանք Բաց կառավարման գործընկերության հիմնական եզրույթներն են: Հայաստանը ներկայացնում է գործողությունների 5-րդ ծրագիրը՝ 2022-24 թվականների համար, որով ստանձնել է 10 հանձնառություն: Այդ շարքում են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենսդրական բարեփոխումները, ներառվել է նաև դատական համակարգի թափանցիկություն:
Լիլիա Աֆրիկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համակարգող) - Ձևավորվելու է հանձնառություններից մեկով eCourt-statistics՝ էլեկտրոնային համակարգի վիճակագրական գործիք, որը կոռուպցիոն և քրեական գործերի մասով կտա տեղեկատվություն, երբ է վարույթը սկսել, որ օղակներից և երբ է հասել դատական համակարգ:
Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թափանցիկ ու բաց կառավարման իրենց մոդելն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, օրինակ բերելով արդեն կիրառվող՝ պաշտոնյաների կողմից թանկարժեք նվերների ստացման արգելքի կամ պարտադիր հայտարարագրման ինստիտուտը:
Հայկուհի Հարությունյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) - ՀՀ-ում պետական պաշտոն, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ ունի կաշկանդվածություն և վարքագծի սահմանափակումներ, որ կոնկրետ ի պաշտոնե գործելիս որոշակի նվերների ստացումը առհասարակ արգելվում է, իսկ առանձին դեպքերում, եթե դրանք եղել են անխուսափելի, դրանց հայտարարագրումը դառնում է արդեն թափանցիկ, հաշվետու կառավարման պարտադիր պահանջ և բաղադրիչ:
Ֆինանսների փոխնախարարը շեշտում է՝ վիճակագրության համաձայն՝ կոռուպցիոն դրսևորումների 68 տոկոսը գնումների համակարգում է: Կանխարգելման հիմնական գործիքը, ըստ Ավագ Ավանեսյանի՝ գնումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրումն է:
Ավագ Ավանեսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Թվայնացումը հանգեցրել է նրան, որ մենք կարողանում ենք օրենքները թվայնացնել ու վիզուալիզացնել այնպես, որ բոլորովս հասկանանք՝ ինչ է կատարվում, և ֆիքսենք այն բոլոր դեպքերը, երբ տեղի է ունենում չարաշահում, կամ հանրությունը առավելագույն արդյունքը չի ստանում:
Քննարկմանը մասնակցող միջազգային կառույցների ներկայացուցիչները շեշտում են՝ իրենք աջակցում են Հայաստանի Կառավարության հանձնառությանը՝ դառնալ ավելի արդյունավետ, բաց ու թափանցիկ: ԵՄ դեսպանն այս համատեքստում արձանագրում է կատարված մեծ աշխատանքը, բայց նշում է նաև, որ այն բավարար չէ լիարժեք ժողովրդավարության համար: Անդրեա Վիկտորինը առանձնացնում է քաղհասարակության ներգրավվածության անհրաժեշտությունը:
Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Մենք որպես ԵՄ տեսնում ենք ներդրվող ջանքերը և շարունակում ենք գործակցությունը հատկապես բարեփոխումների օրակարգի շուրջ: Կոռուպցիայի և սխալ վարքագծի դեմ պայքարը հավերժական է, չես կարող մեկ անգամ գրանցած արդյունքով սահմանափակվել: Ժողովրդավարությունը պահանջում է մշտական ջանքեր: «Բաց կառավարման գործընկերությունը» նշանակում է, որ կառավարությունը հասանելի է, արձագանքող, հաշվետու:
Քննարկելով կառավարության, 4 մասնակից համայնքների՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավիրի, ինչպես նաև քաղհասարակության առաջարկած ծրագրերը՝ մասնակիցները պայմանավորվեցին գտնել հստակ լուծումներ արդյունավետ կառավարման համակարգ ունենալու համար: