Սիրիան երախտագիտություն է հայտնում մի շարք երկրների, որոնք երկրաշարժից հետո օգնություն են ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ Այս մասին չորեքշաբթի Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արաբական Հանրապետության տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության նախարար Հուսեյն Մախլուֆը, ներկայացնում է Al Ekhbariya հեռուստաալիքը։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Սիրիայի ժողովրդին աջակցելու գործում, այդ թվում՝ Իրաքին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Իրանին, Ռուսաստանին, Ալժիրին, Եգիպտոսին, Պակիստանին, Հայաստանին, Օմանին, Կուբային, Վենեսուելային և Բելառուսին»,- ասել է նախարարը։
Սիրիայի առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշն էլ կոչ է արել աշխարհի երկրներին սարքավորումներ և օգնություն տրամադրել Դամասկոսին փետրվարի 6-ի երկրաշարժից հետո։
Ինչպես նշել է ալ-Գաբաշը, շատ ընկերություններ չեն կարողանում Սիրիային բժշկական սարքավորումներ տրամադրել պատժամիջոցների պատճառով։
«Շրջափակումը թույլ չի տալիս բազմաթիվ ընկերությունների մատակարարել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, և մենք կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ ցուցաբերելու անհրաժեշտ բժշկական օգնությունը»,- ընդգծել է նա։
Երեքշաբթի Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադն անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ «պատժամիջոցները միայն խորացնում են աղետը»։