Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Ռադմանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ և ընդգծել երկու կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Խորվաթիայի հետ համագործակցության խորացումը նաև որպես ԵՄ անդամ պետություն և նշել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցել են արդյունավետ բանակցություններ և քննարկել երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:
Գորդան Գրլիչ Ռադմանը հավելել է, որ իրենք շահագրգիռ են տնտեսության տարբեր ճյուղերում կապերի զարգացմամբ, այդ թվում՝ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Պարոն Ռադմանի խոսքով՝ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, և բարեփոխումների առաջմղման ուղղությամբ ևս պատրաստ են սերտորեն համագործակցել ՀՀ Կառավարության հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Այս առումով կարևորվել են Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներն ու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացված հստակ պահանջները:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: