Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները դժվարացնում են երկրաշարժի հետևանքների վերացումը։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Սիրիացիները, բախվելով երկրաշարժին, ստիպված են ձեռքերով մաքրել փլատակները, նրանք օգտվում են ամենապարզ գործիքներից, քանի որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով անհրաժեշտ տեխնիկան նրանց հասանելի չէ»,- ասված է Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարության մեջ։
Արտաքին գերատեսչությունը հերքել է ԱՄՆ պաշտոնյաների այն պնդումները, թե երկրի դեմ սահմանափակումները չեն խանգարում մարդասիրական օգնության տրամադրմանը։ Սիրիական կողմի այդ դիրքորոշումը պաշտպանել է նաև Հունաստանի վարչապետը: Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով անհնար է ապրանքներ հասցնել տուժած տարածաշրջան:
«Երկրաշարժից տուժած Սիրիային օգնության հարցը պետք է քննարկվի ԵՄ մակարդակով, քանի որ պատժամիջոցների պատճառով անհնար է ապրանքներ հասցնել այնտեղ, այս պահին ստիպված ենք գործել միջազգային կազմակերպությունների միջոցով»։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այս մասին ասել է ամերիկյան CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Լիբանանը, սակայն, անտեսել է այդ պատժամիջոցները և բացել է իր օդային տարածքն ու ծովային նավահանգիստները՝ հարևան Սիրիա շտապ մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Մամուլի ասուլիսում Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Դամասկոսը գտնվում է ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցների տակ, և շատ երկրներ ու կազմակերպություններ ձեռնպահ են մնում Սիրիայի իշխանությունների հետ անմիջական շփումներից։
«Կառավարության հրամանով բոլոր նավագնացային ընկերությունները, որոնք ապրանքներ և սարքավորումներ կփոխադրեն Սիրիա, ազատվում են տուրքերից լիբանանյան նավահանգիստներում»,- ասել է Համիեն։ Նույն արտոնությունները կիրառվում են Բեյրութի միջազգային օդանավակայանում օդային փոխադրումների համար, ասել է պաշտոնյան: