ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ ՀՀ-ում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանը:
«Այս բարեփոխումը նպաստելու է ոչ միայն ծառայությունների հասանելիության աճին, այլև դրանց որակական բաղադրիչի փոփոխությանը: Համակարգի կայուն ֆինանսավորումը և կանխավճարային սկզբունքը բերում են կանխարգելման ուղղվածությանը և ճիշտ ժամանակին առողջապահական ծառայությունների մատուցմանը, որոնք ավելի ծախսարդյունավետ են և ավելի բարեհաջող ելքեր են ունենում:
Առաջիկայում նաև կընդունվի առողջապահության ոլորտի հնգամյա ռազմավարությունը, որը թիրախավորում է որակի բաղադրիչի կարևոր կետերը»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ առաջիկա 4 տարիներին աստիճանաբար ներդրվելու է համապարփակ ապահովագրության համակարգը:
«2024 թվականից ունենալու ենք միասնական ապահովագրական փաթեթ պետական պատվերի բոլոր քաղաքացիների համար, որոնք այսօր շահառու են հանդիսանում: Օրինակ՝ 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները չեն ունենալու տարբերակված ծառայությունների փաթեթ, ինչը բերում է շփոթության»,- ասաց նա: