Վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցին, որում նա ասել էր՝ եթե Հայաստանը դեռ հետաքրքրված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է 1-2 օրում տեղակայվել:
«Կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը, և ես վստահ չեմ, որ նրանցից մեկը վետո չի դնի: Ավելի մանրամասն տեղյակ չեմ, որովհետև մեզ չեն ասել: Դուք ինքներդ եթերում տեսել եք, երբ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարն իր կարծիքն էր ասում Ադրբեջանի հետ կապված, Ալիևի հետ կապված: Չգիտեմ՝ այդ ի՞նչ է փոխվել:
Այն, ինչ մենք պահանջում էինք, ընդամենը քաղաքական հստակ գնահատականն էր: Նրանք նույնիսկ այդ քաղաքական հստակ գնահատականից հետ կանգնեցին:
Չի խոսվում նաև Խովաևի փաստաթղթի մասին: Ռուսաստանը ներկայացրել է տարբերակ, որին Հայաստանն իր համաձայնությունն է տվել, բայց թե ինչու հետագայում մեր դաշնակից գործընկերները հետամուտ չեղան այդ տարբերակին և հիմա նեղսրտում են դրան հաջորդած Պրահայի համաձայնությունից, կարծում եմ՝ այդ հարցադրումները պետք է արվեն, ու դրա մասին խոսվի»,- ասաց Սիմոնյանը: