Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում զոհերի և վիրավորների թիվը նախնական է. անընդհատ ճշտումներ են արվում. «Լուրեր»-ին հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Այս պահին հաստատված է 5 հայի զոհվելու մասին տեղեկությունը:
Մեկնաբանելով սոցցանցերում տարածվող լուրը, թե մի քանի հայ հավանաբար գտնվում է փլատակներում, պաշտոնյան նշել է, որ նրանց որոնումը դեռ շարունակվում է: Հատկապես Սիրիայում հայկական համայնքի վնասները մեծ են, վնասվել են նաև կրթական ու եկեցեղական կենտրոններ:
Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ) - Զոհեր ունենք Մալաթիա քաղաքում բնակվող հայ ընտանիքից՝ 3 անդամ, նաև Հալեպի հայ ընտանիքից՝ 2 անդամ: Վիրավորներ ևս կան, բայց թվային պատկեր նշել հստակորեն դժվար է:
Տեղեկություններ ունենք, որ Թուրքիայի Հաթայ նահանգում 2 հայ ընտանիք փլատակների տակ են, և որոնողական աշխատանքները շարունակվում են:
Այս պահի դրությամբ ունենք նաև այլ տեղեկատվություն՝ չգտնված անձանց կամ զոհերի վերաբերյալ, բայց այսպիսի տեղեկատվությունը հարկ ունի ճշգրտման, որից հետո նոր կարող ենք դա հաստատել:
Այս պահի դրությամբ հաստատված են Թուրքիայի Իսկենդերուն քաղաքի հայկական եկեղեցու և Այնթափի եկեղեցու վերաբերյալ վնասները: Ինչ վերաբերում է Սվազի, Կեսարիայի և մի շարք այլ եկեղեցիներին, ապա այստեղ ավերածություններ չկան: Թուրքիայի միակ հայաբնակ գյուղը՝ Վագըֆը, հիմնականում չի տուժել:
Սիրիայում՝ հայաբնակ հատվածում, ավերածությունները շատ ավելի մեծ են, հստակ տեղեկություն ունենք ինչպես կրթական, այնպես էլ եկեղեցական հաստատություններ վնասված են. փլված են պատերը, առաստաղները:
Քեսաբում, Լաթաքիայում ևս ունենք որոշակի ավերածություններ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան