Հայկական պահածո, կաթնամթերք, հյութեր, չրեղեն, գինի և կոնյակ. «made in Armenia»-ն ընդլայնում է և ամրապնդում իր դիրքերը ռուսական շուկայում: Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդամթերքի և ըմպելիքների խոշորագույն Պարենային ապրանքների ցուցահանդեսին, այս տարի հայկական մասնակցությունն աննախադեպ է իր ծավալներով: Ցուցահանդեսին հայ արտադրողները ներկայանում են ազգային միասնական մեծ տաղավարով:
Արման Զաքարյան («Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն) - Այս տարի, ինչպես գիտեք, ցուցահանդեսի 30-ամյակն է, և Հայաստանը բավականին մեծ տաղավարով է հանդես գալիս՝ 250 քառակուսի մետր, 28 ընկերություն: Պատմության մեջ այդ չափերի չի եղել: Ներկայացված է սննդարդյունաբերության մոտ 90 տոկոսը:
Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերությունների մեծ մասը ռուսական շուկայում ներկայացված է արդեն վաղուց, սակայն սա լավ հնարավորություն է ընդլայնելու գործընկերային կապերը, պետական աջակցությամբ ռուս գնորդին ներկայացնելու իր ապրանքանիշը և արտադրանքի տեսականին:
Հայկ Հովսեփյան (գործարար) - Հիմա առավելապես շուկան հետաքրքիր է դարձել պահածոյացված արտադրանքի համար, մենք հիմա ունենք հնարավորություն եվրոպական արտադրանքի բացը լրացնելու: Դա ենթադրում է նոր համային որակ, ինչը փորձում ենք իրագործել: Միասնական տաղավարով հանդես գալը ձեռնտու է այն տեսանկյունից, որ հայկական մթերքն այս շուկայում բոլորին հետաքրքիր է:
Այս տարի նույնպես միասնական տաղավարի կազմակերպումը հնարավոր է դարձել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության համաֆինանսավորման շնորհիվ՝ «Պրոմ էքսպո» ընկերության հետ համագործակցությամբ: Գլխավոր տաղավարը Հայաստանի այցեքարտն է, ուստի ընտրվում են այնպիսի ընկերություններ, որոնք արտահանման ոլորտում ևս ունեն հաստատված դիրքեր՝ նկատի ունենալով նաև լոգիստիկ խնդիրները:
Արման Զաքարյան - Տաղավարի համար առաջին անգամ պատրաստել ենք կատալոգ, տաղավարի վրա կան QR կոդեր, որով նույնպես այցելուները կարող են համապարփակ տեղեկատվություն ստանալ:
Ազգային տաղավարով են ներկայանում նաև հայկական գինիները՝ շուրջ 20 գինեգործական ընկերություն Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ:
Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն) - Անցած տարի արտահանումը ավելացել է 51 տոկոսով, հիմնականում ռուսական շուկա: Սա վկայում է այն մասին, որ հայկական գինիներն այստեղ արդեն ճանաչված ու պահանջված են:
Այս տարի շատ ընկերություններ ռուսական հարթակում ներկայանում են առաջին անգամ` հնարավորություն ունենալով ծանոթանալ շուկայի առանձնահատկություններին և իրենց արտադրանքը ներկայացնել առևտրային ցանցերի և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներին:
Զարուհի Մուրադյան - Հիմնականում ավելի փոքր արտադրողներ են. սա հնարավորություն է:
«Պրոդ էքսպո»-ում ներկայացված է սննդամթերք ամբողջ աշխարհից՝ պարենամթերքից և խմիչքներից մինչև օրգանական ու սպորտային սնունդ: Ամեն տարի այստեղ հավաքվում են դաշնային և լոկալ ցանցերի գնորդները՝ Ռուսաստանի և Եվրասիական միության երկրների պարենային ոլորտի ռազմավարական պատվիրատուները: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 2000-ից ավելի մասնակից 35 երկրից։
Հեղինակ՝ Մերի Եգորյան