ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ է ունեցել և պատասխանել է լրագրողների հարցերին:
«Հարգելի տիկի՛ն նախարար,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր տիկին Բերբոքին շնորհակալություն հայտնել հրավերի, ջերմ ընդունելության, ինչպես նաև արդյունավետ քննարկումների համար:
Բայց մինչ մեր օրակարգին անդրադառնալը, ես ևս իմ ցավակցությունները հայտնեմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Ցանկանում եմ ցավակցություններ հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Ուզում եմ նշել, որ չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը, Հայաստանի Հանրապետությունն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և՛ Թուրքիային, և՛ Սիրիային:
Մենք՝ որպես 1988 թ. մեր տարածքում ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա:
Հարգելի՛ գործընկերներ,
Ուզում եմ նշել, որ մենք այսօր գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների և ընդհանուր ընկալումների վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնմանը, կարևորել ենք Հայաստանում տեղի ունեցող մեծածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի աջակցությունը, ինչպես նաև՝ քննարկել ենք բազմակողմ հարթակներում ակտիվ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Բնականաբար, քննարկել ենք հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիան ԵՄ-ում մեր հիմնական առևտրային գործընկերն է, և գերմանական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության մեջ: Մենք պետք է աշխատենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան ապահովելու, պահպանելու, ներդրումները խթանելու և նոր գործարար կապերը ակտիվացնելու ուղղությամբ։
Երկկողմ օրակարգում, իհարկե, կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը: Եվ մենք արժևորում ենք գերմանական GIZ գործակալության և KFW բանկի գործունեությունը Հայաստանում:
Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում, իհարկե, մեզ համար կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում առաջընթացի համար:
Շարունակելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության թեման՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին գործընկերության ընդլայնման կարևոր հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ուղղություններով, Արևելյան գործընկերության շրջանակներում և այլ հարթակներում ու ձևաչափերով, որտեղ մենք համագործակցում ենք:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի ևս մեկ անգամ մեր գոհունակությունն ու երախտիքը հայտնել Եվրոպական միությանը Հայաստանում նոր՝ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ: Համոզված ենք, որ այս առաքելությունն էական դերակատարում կունենա մարդկային անվտանգության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև՝ առկա իրավիճակն օպերատիվ և հավաստի կերպով ԵՄ անդամ երկրների մեր գործընկերներին ներկայացնելու հարցում:
Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման` նշեմ, որ այսօր գործընկերոջս ներկայացրել եմ այն էքզիստենցիալ մարտահրավերներն ու վտանգները, որոնց այս շրջանում բախվում է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:
Հարգելի՛ ներկաներ,
Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120 000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ` կտրված ամբողջ աշխարհից: Եվ սա շարունակվում է արդեն երկու ամիս: Կարո՞ղ եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքից:
Ամբողջ աշխարհի հայացքների ներքո Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար աղետի առջև: Ցրտաշունչ ձմռան պայմաններում գազի ու էլեկտրաէներգիայի գրեթե ամենօրյա անջատումներ, բլոկադայի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներ, կրթության իրավունքից զրկված երեխաներ, անհրաժեշտ բժշկական միջամտության կարիք ունեցող և այն չստացող մարդկային կյանքեր:
Այս ամենը հետևանք է նրա, որ Ադրբեջանը, նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը և կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդած այլ ագրեսիվ գործողությունները, ինչպես օրինակ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը, և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում ունի մեկ նպատակ՝ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները և, ըստ էության, դրանով իսկ զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին։
Հարգելի՛ ներկաներ,
Սրան զուգահեռ մինչ այժմ վերացված չեն նաև 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են չպարզված։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը:
Ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, որոնց մի մասը ես թվարկեցի, խաղաղության օրակարգի առաջ մղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն է: Այս համատեքստում մենք կարևորում ենք Գերմանիայի՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների ջատագով երկրի, և որ ոչ պակաս կարևոր է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի, հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերում։
Հարգելի՛ տիկին նախարար,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Ես անկեղծորեն հետաքրքրված եմ շարունակել այս երկխոսությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգին նոր լիցք հաղորդելու համար, այդ թվում նաև՝ պաշտոնական փոխայցելությունների միջոցով։
Հարգելի՛ գործընկերներ,
Պատիվ ունեցա տիկին նախարարին հրավիրել Հայաստան։
Շնորհակալ եմ:
***
Հարց («Ազատություն» ռադիոկայան). Երկրորդ հարցս, պարոն Միրզոյան, Ձեզ եմ ուղղում: Օրեր առաջ հայտարարել եք, որ հայկական կողմը ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկներ ադրբեջանական կողմին: Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, և ինչո՞վ են դրանք նոր։
Արարատ Միրզոյան. Նախ ուզում եմ նշել, որ խաղաղության բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ և նախարար Բայրամովի, ինչպես նաև նախարար Լավրովի հերթական հանդիպումը:
Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը, և չնայած այս հանգամանքին՝ մենք ադրբեջանական կողմին, ինչպես Դուք մեջբերեցիք, փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները:
Ես կրկնում եմ. սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա տարբեր, մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը: Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, այնուամենայնիվ, ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են:
Անշուշտ, պետք է նշեմ, որ այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում, եթե, իհարկե, չասենք, որ խոչնդոտում են, Ադրբեջանի շարունակական, հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, անկախ նրանից դա Հայաստանի Հանրապետությունն է, թե Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև գետնի վրա, ինչպես ասում են, ագրեսիվ գործողությունները, ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, մեր տարածքների օկուպացիայի տակ մնալը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը:
Ցանկացած պարագայում, ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք շատ վճռական և հաստատակամ ենք խաղաղության օրակարգին, և մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղության համար:
Հարց (Deutsche Welle). Երկրորդ հարցս ուղղում եմ պարոն Միրզոյանին։ Դուք ասացիք, որ աջակցություն եք առաջարկել Թուրքիային։ Ի՞նչ եք առաջարկել։
Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և այս պահին քննարկում է հումանիտար օգնության տեսքով առաջին անհրաժեշտության ապրանքների փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ, ինչպես նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղումը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու համար։ Ես ուզում եմ կրկնել այն, ինչ ասացի ներածական խոսքումս:
Մենք ինքներս 1988 թ. մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը և մենք այն ժամանակ միայնակ չենք մնացել. մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը: Ես կարծում եմ, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն։
Քանի որ Դուք Թուրքիայի մասին հարցրեցիք, ուզում եմ անդրադառնալ նաև այն երկխոսությանը, որը ընթանում է այժմ մեր երկրների միջև։ Կա երկխոսություն, ինչպես տեղյակ եք, սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։
Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական և հնարավորինս արագ դրական վերջաբանի հասցնելու։ Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա: Մեր ընկալմամբ մի փոքր դանդաղ է գործընթացը, բայց այնուամենայնիվ դրական է շատ, որ մենք ունենք գետնի վրա դրական արձանագրումներ։
Տեղյակ եք հավանաբար, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը որոշեցին վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը։ Սա հերթական և դրական քայլ է, և մենք հույս ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և ավելի շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի:
Համենայն դեպս, ՀՀ կողմից ուզում եմ նաև այս հարցի առնչությամբ վերահաստատել մեր դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում»։