ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժից մեկ օր անց զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է ավելանալ: Երկրաշարժին հաջորդել է ավելի քան 100 հետցնցում: Թուրքիայում զոհվել Է 3381 մարդ, վիրավորվել՝ 20 436 մարդ: Երկրում փլուզվել է առնվազն 5606 շենք: Ըստ ՄԱԿ-ի՝ երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայում ամենահզորն էր 1939-ից ի վեր: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարել։ Թուրքիայի իշխանությունները կոչ են արել բնակչությանը դեռ չվերադառնալ տներ:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՀԱԳՆԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՂԵՏԸ
Սիրիայի իշխանությունները հաղորդել են 812 զոհի և 1440-ից ավելի վիրավորի մասին: Միջազգային կառույցները երեկվանից ահազանգում են Սիրայում ժամ առ ժամ ահագնացող մարդասիրական աղետի մասին: Երկրի տարաքում տեխնիկայի սղության պատճառով որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը դանդաղում է: ՄԱԿ-ից արդեն հայտարարել են, որ Սիրիային անհրաժեշտ է ավելի շատ դեղորայք, բժշկական սարքավորումներ, քաղցրահամ ջուր և այլն: Միջազգային լրատվամիջոցների գլխավոր էջերին Հալեպ քաղաքում փլատակներ տակ լույս աշխարհ եկած երեխայի լուսանկարներն են: Երեխան ծնվել է փլատակների տակ, մորը փրկել չի հաջողվել, նա մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները երեխային դուրս բերում փլատակների միջից։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իսրայելը, Հարավային Կորեան, Հորդանանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը և Իրանը, փրկարարների են ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին օժանդակելու համար:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՉԻ ԱԶԴԵԼ
Թուրքիայի միջուկային անվտանգության վրա երկրաշարժերը ոչ մի ազդեցություն չեն թողել՝ հայտարարություն է տարածել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը: «Այս պահին երկրաշարժերը չեն ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա»,- ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է թուրքական միջուկային կարգավորիչն ու հավելել՝ ռադիոլոգիական անվտանգության և ռադիոակտիվ աղբյուրների պահպանության հետ կապված խնդիրներ չեն ծագել, իսկ երկրում կառուցվող ատոմային էլեկտրակայանը չի տուժել:
F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ ԱՄՆ-ՈՒՄ. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողի խնդրանքով մեկնաբանել է ամերիկյան կործանիչներն Ուկրաինա չուղարկելու իր մտադրությունը: Ջո Բայդենը կարծիք է հատնել, որ ամերիկյան F-16 կործանիչները պետք է մնան երկրում։ «Որովհետև մենք պետք է դրանք թողնենք այստեղ։ Սա բոլորովին այլ իրավիճակ է»,- պատասխանել է նա: Լրատվամիջոցները գրում են, որ Վաշինգտոնը կարող է թույլատրել այլ երկրների F-16-ներ վերաարտահանել Ուկրաինա։ ԱՎելի վաղ Ուկրաինայի նախագահի գլխավոր խորհրդական Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ «F-16 կործանիչներ ձեռք բերելու աշխատանքները շարունակվում են:
ՃԱՊՈՆԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ
Ճապոնիան, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակին, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ ափսոսում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 77 տարի անց դեռ չկա այդօրինակ պայմանագիր: Դրա բացակայությունը ցավալի է՝ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ շեշտելով, որ պատերազմի ավարտից 77 տարի անց հյուսիսային տարածքների հարցը մնում է չլուծված, իսկ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև դեռևս չի կնքվել խաղաղության պայմանագիր: «Ճապոնիայի կառավարությունը վճռական է տարածքային խնդիրը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»,- հայտարարել է վարչապետը: