Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3 549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի՝ հայտարարել է Թուրիքայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ աղետի գոտում ակտիվորեն շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Թուրքիայի նախագահը երկրաշարժից տուժած 10 նահանգում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել: Նրա խոսքով՝ այս երկրաշարժը ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի մակարդակով ամենամեծ աղետներից մեկն է: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ հայտնել է, որ աղետի գոտում շենքերի փլատակների տակից փրկվել է ավելի քան 8 հազար մարդ։ Թուրքիայի փոխնախագահի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներից աղետի գոտի է ժամանել 3 294 փրկարար։ «70 երկիր հայտարարել է օգնության պատրաստակամության մասին, որոնցից 14-ի ներկայացուցիչներն արդեն աղետի գոտում են»,- ասել է Օքթայը, նաև հայտնել, որ Հաթայ նահանգ կմեկնի փրկարարների ավելի քան 1600 խումբ՝ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտերկրից։ Թուրքիայի հանրակացարաններում երկրի 10 նահանգի 380 000 բնակիչ է տեղավորվել։
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Սիրիայում զոհվել է առնվազն 1602 մարդ, ևս մոտ 3500-ը վիրավորվել են։ Սիրիայի կառավարության արտահերթ նիստի ընթացքում որոշվել է 75 միլիոն սիրիական ֆունտ տրամադրել երկրաշարժից տուժած բնակչությանը: Սիրիայի նախագահը բոլոր նախարարություններին հանձնարարել է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում երկրի և բնակչության պահանջները:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է 6500 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ. ՇՈՅԳՈՒ
Միայն այս տարվա առաջին ամսում Ուկրաինան ռազմի դաշտում կորցրել է ավելի քան 6500 զինվորական՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Կիևը զգալի կորուստներ է կրում՝ չնայած արևմտյան երկրների աննախադեպ ռազմական օգնությանը։ Ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից 26 ինքնաթիռ, յոթ ուղղաթիռ և 208 անօդաչու թռչող սարք կորցնելու մասին։ Շոյգուի խոսքով՝ հունվարին ռուս զինվորականները ոչնչացրել են նաև 341 ուկրաինական տանկ և այլ զրահատեխնիկա: Պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական զինված ուժերը հաջողություններ են գրանցել Դոնեցկում և Զապորոժիեում. ռուս զինվորականներն վերահսկողություն են սահմանել մի շարք բնակավայրերի նկատմամբ: Շոյգուն նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են հնարավորինս ձգձգել հակամարտությունը՝ Կիևին մատակարարելով ծանր սպառազինություն, և կոչ են անում Ուկրաինային՝ գրավել ռուսական տարածքներ: «Իրականում նման քայլերը ներքաշում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և կարող են հանգեցնել էսկալացիայի անկանխատեսելի մակարդակի»,- ասել է ՊՆ ղեկավարը՝ հավելելով. «Ուկրաինան հասկանում է Ռուսաստանին ռազմական ճանապարհով հաղթելու անհնարինությունը, ուստի շարունակում է ահաբեկման մարտավարությունը»։
F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ ԱՄՆ-ՈՒՄ. ԲԱՅԴԵՆ
Վաշինգտոնի կողմից Կիևին կործանիչների փոխանցումը ժամանակի հարց է՝ հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը: Օլեքսի Դանիլովը CNN-ին տված հարցազրույցում պնդել է, որ ԱՄՆ-ն անպայման F-16 կուղարկի Ուկրաինա: «Դրանք անպայման կմատակարարվեն, ցավոք մենք հիմա շարունակում ենք կորցնել մարդկային կյանքեր»,- հայտարարել է Դանիլովը: ԱՄՆ նախագահը լրագրողի խնդրանքով մեկնաբանել է Ուկրաինա ամերիկյան կործանիչներ չուղարկելու իր որոշումը: Ջո Բայդենը կարծիք է հատնել, որ ամերիկյան F-16 կործանիչները պետք է մնան երկրում։ «Մենք պետք է դրանք թողնենք այստեղ։ Սա բոլորովին այլ իրավիճակ է»,- պատասխանել է նա: Լրատվամիջոցները գրում են, որ Վաշինգտոնը կարող է թույլատրել այլ երկրների F-16-ներ վերաարտահանել Ուկրաինա։
ԿԻԵՎԸ ԿՊԱՀԱՆՋԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՀԵՌԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԹԻՌՆԵՐ
Կիևը նախատեսում է Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ պահանջել մարտական ինքնաթիռներ և ավելի մեծ հեռահարության հրթիռներ՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
«Սա մեզ համար առաջնահերթ խնդիր է»,- ընդգծեց նա։ Բացի այդ, դիվանագետը նշել է, որ համաժողովում կքննարկվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության և «Ռուսաստանի ապագայի» հարցերը։