Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ գործընթացներ սկսելով՝ իշխանությունը ցանկանում է շեղել հասարակությանը տարատեսակ խնդիրներից:
«Ցավում եմ, որ այս նիստը փակ էր, որովհետև այն, ինչի մասին մենք նոր խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո շատ հաճախ հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան այստեղ: Ցավով եմ մոտենում ընդդիմության այդ արձագանքին, որովհետև չեմ կարծում՝ ընդդիմության որևիցե գործողություն իրենց վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին որևիցե բանից շեղել»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նաև, անդրադառնալով ընդդիմության գործելաոճին, նշեց, որ նրանք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում:
«Նրանց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների և թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ և օրակարգեր ձևավորելու վրա: Եթե նրանց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական օրակարգերից ու խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի: Թող իրենց չգերագնահատեն»,- ասաց Սիմոնյանը: