Պաշտպանական գերատեսչությունը 8 տարի՝ մինչև 2016 թվականի սեպտեմբերը ղեկավարած նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար գլխավոր դատախազն Ազգային ժողովում էր: Իրավապահները կարծում են, որ նախարար եղած տարիներին Օհանյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ օտարել է զորամասի տարածքը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Սեյրան Օհանյանը, օգտագործելով նաև պաշտոնեական դիրքը, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք՝ երկու դրվագով:
Օրենքն արգելում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերը կամ շինությունները: Ընդ որում՝ ըստ դատախազության, Օհանյանն ապօրինի գործարքը կատարել է կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով:
Աննա Վարդապետյան - Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:
Գլխավոր դատախազը շարունակում է՝ հողային օրենսգքրի մի քանի խախտումներով ձեռք բերված գույքը Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսին, գրավադրել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար և օրինականացրել դրա հանցավոր ծագումը: Կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով օտարվել են նաև Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանյան խճուղուում գտնվող հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը և դրա վրա առկա շինությունները:
Աննա Վարդապետյան - Նշված անշարժ գույքի օտարումն իրականացնելու համար 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Սեյրան Օհանյանը, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից: Լիազորագրի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձ Նորայր Կարապետյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 1 մլն 998 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 5 մլն 583 հազար 400 դրամ կադաստրային արժեքով շինություններն անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 2 մլն 500 հազար դրամով, փաստացի վաճառվել է Արմեն Գևորգյանին: Սակայն նշված պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Նորայր Կարապետյանի անվամբ:
Պատգամավոր Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Բացի դրանից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել: Այս պարագայում դատավճիռ կայացվում է, և անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում անձը պատիժ չի կրում՝ վաղեմության հիմքով: Վարդապետյանը շեշտում է, բայց դա չի նշանակում, որ չեն փորձելու ապօրինի օտարված գույքը վերադարձնել պետությանը:
Աննա Վարդապետյան - Մենք միայն քրեական վարույթով չէ, որ սահնափակվում ենք, նաև պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվում դատարան, այսինքն՝ նպատակը ոչ միայն պատիժն է, այլև պետության և ազգային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը: Եթե նկատեք՝ ոչ միայն այս, այլև մի շարք այլ գործերով, բացի քրեական վարույթներից, նաև պետական շահերի պաշտպանության հայց ենք ներկայացնում:
Կառավարող ուժի ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ օտարված գույքի արժեքը նույնիսկ ավելին է, քան ներկայացվում է:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե անձերից վերանանք, զորամասը 4 միլիոնով վաճառվում է, ու հետո 18 միլիոնով գրավ են դրել: Պարզ մարդկային լեզվով ասած՝ մելկի ժուլիկություն է:
Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեկ այլ միջնորդություն էլ գլխավոր դատախազի առաջարկով դռնփակ ռեժիմով քննարկեց: Ընդդիմադիր խմբակցությունները նիստին ներկա չէին: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախապես հայտնել էր, որ ինքն ու իր խմբակցությունը ներկա չեն լինելու նիստին:
Հեղինակ՝ Անի Օհանյան