ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը և պաշտոնատար այլ անձինք:
Պատասխանատուները զեկուցել են, որ 2022 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել է մասնավորեցման ենթակա պետական գույքերի նկատմամբ պահանջարկը: Արդյունքում՝ նախորդ տարի օտարվել է ընդհանուր 20 մլրդ 700 մլն դրամ ծավալի 16 պետական անշարժ գույք: Մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում, ընդհանուր առմամբ, իրականացնել 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:
Հաշվետու ժամանակահատվածում օտարման է ներկայացվել 220 տրանսպորտային միջոց, որից օտարվել է 101-ը: 2023 թվականին Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվելու ևս 654 տրանսպորտային միջոց, որից կոմիտեն նախատեսում է այս տարվա ընթացքում օտարել 500-ը: Այս տարվա առաջին ամսվա ընթացքում արդեն իսկ օտարվել է 60 տրանսպորտային միջոց: Միաժամանակ, տեղեկացվել է, որ վարձակալության տրված պետական գույքերի դիմաց 2022-ին հավաքվել և պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 200 տոկոսով:
Աշխատանքներ են տարվել նաև պետական գերատեսչություններին վարձակալված մասնավոր տարածքներից պետական տարածքներ ներգրավելու ուղղությամբ: Արդյունքում ակնկալվում է առաջիկա տարիներին ունենալ ավելի քան 300 մլն դրամի խնայողություն:
Նշվել է, որ ներկայումս առկա է մասնավորեցման ենթակա 25 անշարժ գույք, այդ թիվը տարվա ընթացքում հնարավոր է ավելանա:
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ ներդրվել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի մշտադիտարկման և գնահատման նոր համակարգ, իրականացվել է պետական գույքի օգտագործման արդյունավետության մոնիթորինգ, կանոնակարգվել է պետական կարիքների համար տարածքների վարձակալության գործընթացը, ներդրվել է պետական մարմինների միջև շարժական գույքի փոխանցման պարզեցված կարգ, Մարզահամերգային համալիրը վերակազմակերպվել է ՓԲԸ-ի, փոփոխություններ են իրականացվել Հողային օրենսգրքում: Բարեփոխումներ են իրականացվել պետական գույքի անհատույց օգտագործման, ներդրումային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի վարձակալության ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային աճուրդների համակարգի ներդրման, գույքի ներդրմամբ պետական ՓԲԸ ստեղծելու աշխատանքներին:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է մշակել առանձին հարթակ, որտեղ ներկայացված կլինեն մասնավորեցման ենթակա պետական բոլոր անշարժ գույքերը՝ լիարժեք տեղեկատվությամբ:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այնպիսի կարգավորումների և մեխանիզմների կիրառումը, որոնք կապահովեն պետական գույք ձեռք բերած ներդրողների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների լիարժեք իրականացումը, ըստ սահմանված ժամանակացույցի:
«Այս ոլորտում պետք է լինենք ճկուն: Անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել կապիտալ ներդրումներին և ծրագրի բովանդակային հատվածին: Հիմնական խնդիրը գույքի արդյունավետ օգտագործումն է, այն, թե տարածքը որքանո՞վ է չօգտագործելիից դառնալու օգտագործելի: Մեր երկարաժամկետ նպատակն է, որպեսզի մասնավորեցվող ձեռնարկությունն աշխատի, հարկեր վճարի և զարգանա»,- ասել է վարչապետը: