«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով 2023 թվականին կշարունակի Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն 20 վթարավտանգ կետերի բարելավման աշխատանքներ։
Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Մ-4, Մ-6, Մ-14 և Մ-16 ավտոճանապարհների վրա երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումներ կարվեն 4 վթարավտանգ կետերում։ Շինաշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ Կապալառու կազմակերպության հետ պայմանագիր կկնքվի 2023 թ. փետրվարին, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները։
Մ-3, Մ-9 և Մ-12 միջպետական ճանապարհների վրա ևս 16 վտանգավոր կետերի շինարարական աշխատանքների իրականացման նախագծման գործընթացներն ավարտվել են։ Հաշվի առնելով ընտրված ճանապարհների վթարավտանգ տեղամասերի առանձնահատկությունները և բնութագրերը՝ նախագծերով նախատեսված են հետիոտնային մայթերի, անցումների և արհեստական անհարթությունների կառուցման, արգելափակոցների տեղադրման, նշագծման, ճանապարհային նշանների տեղադրման, ջրահեռացման համակարգի բարելավման և այլ աշխատանքներ։ Նախագծերը հաստատվել են ՀՀ ՆԳ նախարարությունում և ներկայացվել են տեխնիկական փորձաքննության։
Այս պահին մշակվում են նաև մրցութային փաստաթղթերը։