Առաջիկա ժամերին Հայաստան է ներթափանցելու նոր հզոր ցիկլոն, և փետրվարի 7-ին ամբողջ օրվա ընթացքում Հայաստանի տարածքը գտնվելու է այդ հզոր ցիկլոնի ազդեցության տակ: Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, իսկ հովտային ցածրադիր հատվածներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում ձյան տեղումները լինելու են բավականին ինտենսիվ, դրանք ուղեկցվելու են բքով, հորիզոնական ցածր տեսանելիությամբ, ճանապարհները պատվելու են մերկասառույցով, այնպես որ ազգաբնակչությանը կոչ ենք անում նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: Փետրվարի 8-ից սկսած ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն 8-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները դեռ կշարունակվեն:
Վերջին երկու օրերի ընթացքում նույնպես հանրապետությունը գտնվում էր բավականին հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, մի շարք շրջաններում ձյան առատ տեղումները շարունակվել են նաև այսօր, որոնք ուղեկցվել են սաստիկ բքով, տեսանելիության կտրուկ անկմամբ: Ներքին գործերի նախարարության ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն՝ կարգավորում երթևեկությունը, հաշվառում ճանապարհատրանսպորտային պատահարները, արգելափակումից դուրս բերում տրանսպորտային միջոցներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կապալառու կազմակերպություններն իրականացնում են ձյան մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նարեկ Սողիկյան (Ճանապարհային դեպարտամենտի տվյալների հավաքագրման ինժեներ) - Ճանապարհներին տեղադրված են տեղեկատվական վահանակներ, որտեղ զետեղված են ճանապարհային դեպարտամենտի հեռախոսահամարները: Քաղաքացիները կարող են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ տեղեկավտություն ստանալ տվյալ հեռախոսահամարով:
Այսօր նաև Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում 8 ամսական երեխան ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողացել մոտենալ հիվանդին: Դեպքի վայր մեկնած փրկարարները բժիշկներին ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդի տուն, այնուհետև երեխային և բժիշկներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
ՍՏԵՓԱՆԾՄԻՆԴԱ - ԼԱՐՍ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է
Եղանակով պայմանավորված՝ գիշերվանից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Վահան Հակոբյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ) - Ձյան առատ տեղումները շարունակվում են մինչ այս պահը, և շատ մեծ է ձնահոսքի վտանգը, այդ պատճառով մաքրման աշխատանքներ վրացական կողմում դեռ չեն իրականացվում, և ըստ կանխատեսումների` մինչև երեքշաբթի երեկո ձյան տեղումները կշարունակվեն, որից հետո նոր կսկսվեն ձնամաքրման աշխատանքները: Ըստ կանխատեսումների՝ սահմանը կբացվի չորեքշաբթի, առավելագույնը` հինգշաբթի, եթե, իհարկե, եղանակը մեզ նոր անակնալներ չմատուցի:
Մաքսային կցորդի տվյալներով` Վերին Լարսի անցակետում կուտակված է մոտ 500-600 մեքենա:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան