Լավ լուր՝ ոչ միայն Լոռու և Տավուշի մարզի բնակիչների համար՝ միջպետական Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 90 կմ երկարությամբ ավտոճանապարհը գրեթե ամբողջությամբ հիմնանորոգված է:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Ասֆալտապատման աշխատանքներն այս պահին ամբողջությամբ ավարտված են, միայն 610 մ Օձունի խաչմերուկ կոչվող հատվածը, որը իրականացնելու ենք պետական միջոցներով:
Վանաձորից մինչև Բագրատաշեն ձգվող ճանապարհն արդեն 3-րդ տեխնիկական կարգի է՝ 90 կմ/ժ արագությամբ:
Գոռ Ավետիսյան - Նախկինում նույնիսկ ճանապարհը 4-րդ տեխնիկական կարգին չէր բավարարում, այժմ ունենք 3-րդ կարգի ճանապարհ, որի հաշվարկային արագությունը ավելի բարձր է, կարծում եմ՝ առնվազն կես ժամ կրճատում է տևողությունը, քանի որ թե՛ երթևեկելի մասը, թե՛ լայնական ու երկայնական թեքությունը փոքրացել են, և ճանապարհով կարող են երթևեկել 90 կմ-ժամ արագությամբ:
Ճանապարհի կառուցումն ընթացավ երկու լոտով: Առաջինն ավարտվել էր 2018-ին, երկրորդը մեկնարկել էր 2019-ին, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի:
Գոռ Ավետիսյան - Այս պահին իրականացվում են միայն անվտանգության էլեմենտների տեղադրումը, մետաղական արգելափակոցների, մակաֆերի կոչվող տեսակի ցանցերի տեղադրման աշխատանքները: Որոշ հատվածներում գծանշումների հետ կապված որոշակի աշխատանք կա, կարծում եմ՝ մինչև փետրվարի վերջ ամբողջությամբ կհանձնենք շահագործման:
Երկրորդ լոտն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով: Ծրագրի մեկնարկից ի վեր՝ արդեն 6 տարի Հայաստանում ապրող ազգությամբ հույն Գեորգիոս Պարասկևոպուլոսը տեխնիկական հսկիչն է, ճանապարհի որակն ու երկարակեցությունը երաշխավորում է:
Գեորգիոս Պարասկևոպուլոս (շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության ղեկավար) - Որակը գերազանց է, քանի որ հնարավորություն ենք ունեցել մանրամասն հետևելու բոլոր աշխատանքներին, անելու անհրաժեշտ շտկումները՝ նախքան ճանապարհի շահագործման հանձնելը:
ԱԺ պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանի խոսքով՝ նոր որակի ճանապարհը մարդկանց կյանքն էլ որակապես կփոխի:
Արեն Մկրտչյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 30 տարի չարված աշխատանք ենք ժառանգություն ստացել, բայց ուրախ եմ նշել, որ քայլ առ քայլ տեսքի է գալիս համայնքը: Այն, ինչ մենք արդեն պատրաստի ունենք, գոնե առաջին հայացքից, էտալոնային է, նման որակի, մասշտաբի աշխատանք պատկերացնել բարդ է, բայց դա արդեն իրականություն է, գծանշումներից մինչև ասֆալտի որակ: Վստահ եմ, որ այս ճանապարհը բավականին երկար ծառայելու է ժողովրդին:
Մ6-ի միակ չհիմնանորոգված հատվածի՝ Օձունի խաչմերուկի 610 մ-ի կառուցման աշխատանքները կմեկնարկեն շուտով՝ դեպի Բագրատաշենի անցակետ երթևեկը դարձնելով անխոչընդոտ: