Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 500-ը։
«Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում զոհվել է առնվազն 237, վիրավորվել՝ 639 մարդ»,- հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայի ներկայացրած վերջին տվյալներով՝ երկրում զոհվել է 284 մարդ, ևս 2383-ը վիրավորվել է, փլուզվել է 1710 շենք։ Միաժամանակ, իշխանությունները խոստվանում են, որ զոհերի ճշգրիտ թիվը դեռ հնարավոր չէ նշել՝ շատերը դեռ փլատակների տակ են։
Թուրքիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում՝ առավոտյան ժամը 04:17-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից (Այնթապ) 37 կմ հեռու, օջախը՝ 10 կիլոմետր խորությամ։ Տարբեր քաղաքներում հարյուրավոր շենքեր են փլուզվել, իսկ Հաթայ նահանգում գազատարի վրա պայթյուն է որոտացել։
Երկրաշարժին հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, ամենահզորը՝ 6,6 մագնիտուդով։ Սիրիայում մեծ վնաս է հասցվել Հալեպի պատմական կենտրոնին։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Իրաքում։