Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը ժամ առ ժամ ավելանում է: Ավերիչ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում 4 հայ կա։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում էլ հայ ամուսիններ են զոհվել: Աղետից ժամեր անց «Լուրերի նկարահանող խումբը շրջել է Հալեպում, զրուցել հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսի հետ:
ՀԱԼԵՊԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԵՆ
Ռուբեն Գևորգյան («Ռադիո Երազ» ռադիոկայանի տնօրեն) - Երբ սկսավ այս երկրաշարժը, մեր ժողովուրդը փողոց իջավ ինքն իրեն պաշտպանելու համար: Տպավորությունն այն էր, որ շատ շուտ կվերջանա, բայց երկար տևած այս երկրաշարժը արդեն բավական լուրջ վնասներ է հասցուցած և՛ շենքերուն, և՛ ժողովուրդին: Առաջին ժամերուն, օրինակ, ժողովուրդը հավաքվեց ճեմարանի տարածքում, անօթևանները Աստվածածածին եկեղեցու ներքնասրահում են հավաքված:
Հալեպի հայաբնակ թաղամասերի կրած վնասների, վիրավորների ու զոհերի մասին տեղեկություննեը դեռ ճշտվում են, քանի որ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Սիրիայի հայկական կառույցները, նախնական տվյալով, լուրջ վնասներ չեն կրել:
Ռուբեն Գևորգյան - Հայկական կառույցները լուրջ վնասվածքներ չեն կրել: Արամ Մանուկյան շենքի ժողովրդական տան վրա որոշ վնասվածքներ կան, լրջության մասին կարելի է հետո խոսել, որովհետև մասնագիտական մոտեցում է պահանջվում, Քառասուն մանուկի դրսի պատերին ոչինչ չկա, բայց շրջակայքը ահավոր վնասվել է, քանի որ հին կառուցված տներ են: Դրանք Հին Հալեպի մաս կազմող հատվածներ են:
Զարմիկ Պողիկյան («Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր) - Հալեպի մեջ կան կառույցներ, որ մասամբ վնասվել են, ազգային, հայկական կառույցներ, բայց չնչին վնասներ են, օրինակ՝ Քառասնից Մանկանց մայր եկեղեցին, Արամ Մանուկյան ժողովրդային տունը, Քեսաբի Սուրբ Աստվածածին թեթև վնասներ են կրել, այդքան հսկա վնասներ չեն:
Զարմիկ Պողիկյանի խոսքով՝ Սիրիայում օդում խուճապ է կախված, իրար հաջորդած ուժգին երկրաշարժերի, հետցնցումների հետևանքով մարդիկ շարունակում են դրսում մնալ:
Զարմիկ Պողիկյան - Ընդհանուր առմամբ, մարդկանց մեջ սարսափի ու վախի մթնոլորտ է տիրում, ցնցումները կշարունակվեն, մարդիկ առաջին օգնության կարիք ունեն: Քանի որ Սիրիան շրջափակված երկիր է, այստեղ դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի պակասի տագնապ կա: Ժողովրդի մեջ մտահոգություն կա, քանի որ ցնցումները դեռ կշարունակվին:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՒՄ Է ԱԳՆ ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է արտգործնախարարության թեժ գիծը:
Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111
Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111
Էլփոստ՝ [email protected]