ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Խորին ցավակցություն հայտնելով Թուրքիայում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը անհապաղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել թուրք գործընկերներին՝ բնական աղետի հետևանքները վերացնելու համար։ Համապատասխան խողովակներով կոնկրետ առաջարկներ արդեն ներկայացվել են թուրքական կողմին։
Թուրքիայի նախագահը ջերմ շնորհակալություն է հայտնել Պուտինին նման օպերատիվ և անկեղծ արձագանքի համար և հանձնարարել է երկրի իրավասու գերատեսչություններին ընդունել ռուս փրկարարների օգնությունը»,- նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ երկրաշարժից զոհերի թիվը Երևանի ժամանակով 18:30-ի դրությամբ հասել է 1498-ի: