Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, իսկ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Թադևոս Նալբանդյանն աշխատանքային այցով եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղակալ Վարդգես Ծաղիկյանի հետ քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրանց կատարման ժամանակ առաջացած խնդիրներն ու թերությունները:
Թադևոս Նալբանդյանը շրջայց է կատարել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում, ծանոթացել վարչական մասնաշենքի, ինչպես նաև բնակելի գոտու շենքային պայմաններին, եղել նոր վերակառուցված խցերում: Այնուհետև տեղակալ Նալբանդյանի գլխավորությամբ անկացվել է խորհրդակցություն հիմնարկի՝ 2022 թվականի գործունեության ամփոփման վերաբերյալ, որի ժամանակ յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանում ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում իր գործառույթային պարտականությունների և իր առջև դրված խնդիրների կատարման արդյունքները:
Երկու հիմնարկներում էլ ազատազրկված անձանց և աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման շրջանակներում պարբերաբար իրականացվել են շինվերանորոգման և տեխնիկատնտեսական բազմաթիվ այլ աշխատանքներ:
Ամփոփելով «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում անցկացված աշխատանքային խորհրդակցությունների արդյունքները՝ Ծառայության պետի տեղակալներ Վարդգես Ծաղիկյանն ու Թադևոս Նալբանդյանը մասնավորապես ընդգծել են թմրանյութերի, բջջային հեռախոսների, այլ արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևորությունը, ինչպես նաև հակահրդեհային համակարգը պատշաճ մակարդակի վրա պահելու անհրաժեշտությունը: