Թամարա Բաղդասարյան (հանրային պաշտպան) - Մենք ունենք հանրային պաշտպան, ով հենց այս պահին ունի ընթացիկ 124 քրեական գործ իր վարույթում, որոնցից յուրաքանչյուրը առանձին մարդու ճակատագիր է:
Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը 30-40%-ով ավելացել է հատկապես Քրեադատավարական օրենսգրքի փոփոխությունից հետո: Այժմ, անկախ մեկ վարույթով մեղադրվողների թվից, յուրաքանչյուրին պետք է տրամադրվի մեկ հանրային պաշտպան, եթե մեղադրյալները չեն հրաժարվում այդ իրավունքից:
Թամարա Բաղդասարյան - Մարզերում գործեր ունենք՝ 20-30 և ավելի ամբաստանյալներով, իսկ մարզը սպասարկում է 2-3 հանրային պաշտպան՝ առավելագույնը: Այս դեպքում մենք խնդրի առաջ ենք իհարկե կանգնում, կողքի մարզերից ենք փորձում այդ մարզ գործուղել հանրային պաշտպանների:
Գևորգ Մկրտչյան (Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար) - Մենք երբեմն ստիպված ենք եղել մարզերում, օրինակ՝ այդ մեկ հաստիքը բաղդատելու մեկ կամ նույնիսկ չորս փաստաբանների միջև, որպեսզի կարողանանք ծածկել այդ իրավաբանական օգնության անհրաժեշտությունը:
Հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը սոցիալական հավելյալ երաշխիքներով կոմպենսացնելու համար Արդարադատության նախարարությունն ու Փաստաբանների պալատը մշակել են համատեղ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 20%-ով ավելացնել պաշտպանների մոտ 390 հազար դրամ աշխատավարձը: Գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանն ընդգծում է՝ այդ քայլով կբարձրանա նաև աշխատանքի գրավչությունը:
Գևորգ Մկրտչյան - Որակյալ մասնագետների մենք տարվա մեջ կորուստ ենք ունենում, և այն, այո՛, շատ հաճախ պայմանավորված է նաև վարձատրության չափով:
Հանրապետությունում այժմ կա հանրային պաշտպանի 69 հաստիք, միայն Երևանում գործող 23 պաշտպաններն իրենց ձեռքի տակ ունեն ընդհանուր առմամբ 2300 վարույթ: Շուրջ 9 տարի տարբեր անձանց իրավունքները դատարանում պաշտպանած Թամարա Բաղդասարյանը նշում է՝ այսպիսի ծանրաբեռնվածությունն աննախադեպ է ու խլում է պաշտպանի նաև ազատ ժամանակը:
Թամարա Բաղդասարյան - Հանրային պաշտպան աշխատելով՝ դու հասկանում ես, որ օրվա ընթացքում ընդամենը կարողանում ես ապահովել դատարաններում դատական նիստերին մասնակցություն, քննչական գործողություններին մասնակցություն, այսինքն՝ ֆիզիկական ներկայություն: Մտավոր աշխատանքը, որը մեր աշխատանքի շատ կարևոր բաղադրիչն է, մենք անում ենք տանը՝ մեր հանգստյան ժամի հաշվին:
Օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման: Դրա ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսը կավելանա տարեկան շուրջ 93 մլն 775 հազար դրամով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան