ՀԶՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ. ԿԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԶՈՀԵՐ
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Գրանցվել է նաև ավելի քան 20 հետցնցում, ամենահզորը՝ 6.6 մագնիտուդով: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի խոսքով՝ երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է առնվազն 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը։ Երկրի տարբեր շրջաններում փլուզվել է ընդհանուր առմամբ 1710 շինություն:
Երկրաշարժը վնասներ է պատճառել նաև Սիրիայում, նախնական տվյալով զոհվել է ավելի քան 237 մարդ և վիրավորվել 640-ը: Ավերածություններիի մեծ մասը գրանցվել է Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներում։ Սիրիայում գործող «Գանձասար» թերթի խմբագրությունից հայտնել են, որ զոհերի թվում նաև հայեր կան։ Առողջապահական կառույցների ներկայացուցիչները հայտարարել են, որ զոհերի և վիրավորների թիվը ժամ առ ժամ ավելանում է, քանի որ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վնասվել է պատմական Գազիանթեփի ամրոցը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ամրոցը կառուցվել է հռոմեացիների կողմից դեռ II դարում, իսկ Կիլիկյան Հայաստանի դարաշրջանում այնտեղ եղել է հայոց կաթողիկոսի նստավայրը: Թուրքիայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ. իշխանությունները դիմել են միջազգային գործընկերներին՝ օգնություն ստանալու համար։ Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Թուրքիային և Սիրիային երկրաշարժի հետևանքները վերացնելու գործընթացում: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է տրամադրել ցանկացած օգնություն:
«ԵՄ երկրները պատրաստ են օգնություն ցուցաբերել Թուրքիային և Սիրիային»,- հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը: «Քանի որ Շվեդիան նախագահում է ԵՄ խորհուրդը, մենք պատրաստվում ենք դիմել Թուրքիային և Սիրիային՝ համակարգելու ԵՄ ջանքերը՝ օգնության տրամադրման հարցում»,- գրել է Թոբիաս Բիլստրյոմը Twitter-ում։
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՒ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ. ՌԵԶՆԻԿՈՎ
Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը նշել է, որ փետրվարին սպասվում են ռուսական զինված ուժերի նոր հարձակումներ, քանի որ, պաշտպանության նախարարի խոսքով, Ռուսաստանը սիրում է «սիմվոլիզմ»: Փետրվարի 24-ին լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի 1 տարին: Ռեզնիկովը հայտարարել է, որ Կիևը վերահսկում է իրավիճակը ռազմի դաշտում: Իր գիշերային ուղերձում Ուկրաինայի նախագահը նույնպես անդրադարձել է հակամարտության ընթացքին: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Դոնեցկում կատաղի մարտեր են, իրավիճակն էլ՝ շատ բարդ: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ուժեղացրել է ճնշումը տարբեր ճակատներում, այդ թվում՝ տեղեկատվական:
ՌԴ-Ի ԴԵՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿՈՉ՝ ԵՄ-ԻՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Եվրամիությունը կոչ է արել Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն՝ պատասխանելով Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման հավանականության վերաբերյալ Netgazet-ի հարցերին։
«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումներին։ Կոչ ենք անում խուսափել պատժամիջոցները շրջանցելու հնարավոր փորձերից։ ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցների կիրառումը նրանց նկատմամբ, ովքեր մասնակցում կամ աջակցում են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցմանը»,- ասել է Ստանոն։
ԲՈՐԵԼԸ՝ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Որոշ հարցերի շուրջ Իրանի դիրքորոշումը բարդացնում է իրանական միջուկային ծրագրի՝ Համատեղ և համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ Իրանում ներքին շարժումների նկատմամբ ճնշումը, մահապատժի կիրառումը, զենքի մատակարարումը Ռուսաստանին, ստեղծել են պայմաններ, որոնցում միջուկային համաձայնագրին հասնելը ավելի բարդ է դառնում: Բորելը հայտնել է, որ համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը ներկայումս սառեցված է: