Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են տեղակալներ Արթուր Պողոսյանը, Գևորգ Բաղդասարյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:
Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներից 3307-ը քննվում են ութ ամսից ավելի ժամկետով:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է մինչդատական վարույթում ութ ամսից ավելի ժամկետով քննվող բոլոր քրեական գործերի (վարույթների) ընթացքն ու քննության ժամկետների ձգձգման պատճառները քննարկել ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչությունում՝ օպերատիվ խորհրդակցության ձևաչափով:
Աննա Վարդապետյանը ոլորտը համակարգող տեղակալներին հանձնարարել է երկամսյա ժամկետում գույքագրել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթները (ինչպես հսկողական, այնպես էլ վերահսկողական), վեր հանել դրանց ձգձգման պատճառները, սահմանել դրանց կատարման ժամկետներ և արդյունքների մասին զեկուցել գլխավոր դատախազին: