ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը:
Կողմերը քննարկել են Իտալիայի մշակույթի նախարարի այցելության նպատակի և օրակարգի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը, փորձի փոխանակումները՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ստեղծում են նոր հնարավորություններ՝ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել և հստակեցվել են մշակույթի ոլորտում առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը, դրանց ձևաչափերը, ինչպես նաև ժամանակացույցը: ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը՝ հատկապես իտալական փորձի փոխանցման տեսանկյունից:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն ծավալելու մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և արդյունավետ քննարկման համար:
Նա հանդիպման ընթացքում հայկական կողմին է փոխանցել դեսպանատան կողմից հայերեն թարգմանված գրքեր՝ իտալական արվեստի, մշակույթի, գրականության մասին: