ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 7,7 ՄԱԳՆԻՏՈՒԴՈՎ ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել. վերջին 24 ժամվա ընթացքում սա երկրորդ ուժգին երկրաշարժն է: Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայիում զոհվել է 912 քաղաքացի, կա ավելի քան 5385 վիրավոր: Ավերվել է ավելի քան 2818 շինություն: Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 371-ի, ավելի քան հազար վիրավոր կա՝ հայտարարել է երկրի առողջապահության նախարարը: Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում ազգությամբ 4 հայ կա։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Թուրքիայում ևս զոհվել է 2 հայ:
Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
1939 Թ.-ԻՑ ՀԵՏՈ ՍԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺՆ Է. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրաշարժից ժամեր անց մեկնել է փրկարարների համակարգման կենտրոն: Նա հայտարարել է, որ սա 1939 թվականից ի վեր երկրում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժն է: Էրդողանի խոսքով՝ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ Անկարային օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրներ: «Մենք օգնության առաջարկ ենք ստացել 45 երկրից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից»,- նշել է Էրդողանը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ-Ն «ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» Է ԲԱՑԵԼ
Թուրքիայի զինված ուժերը «օգնության օդային միջանցք» են բացել, որով կիրականացվի տարբեր երկրներից փրկարարների տեղափոխումը: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է աղետի գոտի։ Նա հայտարարել է, որ ճգնաժամային կենտրոնն աշխատում է ուժեղացված ռեժիմով: «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փրկարարների աշխատանքը դժվարանում է, օդանավակայանների թռիչքուղիները վնասվել են, օդանավերի վայրէջքի հետ կապված խնդիրներ կան»,- հայտարարել է Հուլուսի Աքարը:
ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ Ասադին գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ: Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնությունը։ Երկրաշարժից հետո Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել աջակցել ցանկացած հարցով, ընդգծել, որ Բաքուն և Անկարան ցանկացած հարցում կանգնած են կողք կողքի: Բաքուն արդեն հայտարարել է Թուրքիա արտակարգ իրավիճակների նախարարության 370 աշխատակից ուղարկելու մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցել հզոր երկրաշարժերից տուժած Թուրքիային և Սիրիային։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է Twitter-ում։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է շտապ օգնություն ցուցաբերել աղետի շրջաններում տուժածներին։
Ուկրաինան պատրաստ է որոնողափրկարարական խումբ ուղարկել Թուրքիա. Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ դաշինքը շտապ կարգով օգնություն է մոբիլիզացնում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով: Եվրոպական միությունը երկրաշարժից հետո փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա: «ԵՄ արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը համակարգում է փրկարարական խմբերի գործուղումը Եվրոպայից։ Նիդերլանդների և Ռումինիայի թիմերն արդեն ճանապարհին են»,- նշել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։