Փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը:
Այցելության նպատակը հայ-խորվաթական երկկողմ օրակարգի ընդլայնումն է և հարաբերություններին նոր լիցք հաղորդելը:
Այցը հայ-խորվաթական հարաբերությունների պատմության ընթացքում Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:
Դիվանագիտական հարաբերություններ
Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին:
2019թ. հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 2018թ. նոյեմբերի 20-ին Հայաստանում Խորվաթիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:
2011-ից Երևանում գործում է պատվո հյուպատոսի գրասենյակը:
Քաղաքական երկխոսություն
Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել Զագրեբում 2021թ. դեկտեմբերի 2-3-ը:
Միջխորհրդարանական համագործակցություն
Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր:
Երկկողմ հարաբերություններ
Հայ-խորվաթական հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Խորվաթիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ այդ թվում ԵՄ շրջանակներում:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է 4 փաստաթուղթ: