ԵՄ պետությունները պատրաստ են օգնել Թուրքիային և Սիրիային երկրաշարժից հետո, որի հետևանքով այդ երկրներում հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել, հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը, որը նախագահում է ԵՄ խորհուրդը։
Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քաղաքացիական պաշտպանության մասնագետներ ուղարկել Թուրքիա՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Տայանին նաև իր աջակցությունն է հայտնել սիրիացի ժողովրդին, որը երկար տարիներ պատերազմից հետո «հերթական ծանր հարվածն է ստանում»:
Թուրքիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, երկրաշարժից հետո Քահրամանմարաշ (Մարաշ) և Գազիանթեփ (Այնթապ) քաղաքների օդանավակայանները դադարեցրել են քաղաքացիական չվերթերի սպասարկումը, սակայն Անկարայում, Անթալիայում և Ստամբուլում թուրքական հիմնական օդանավակայանները շարունակում են գործել։