Փետրվարի 4-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլայի հրավերով մասնակցել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ֆլորենցիա քաղաքի բանալիների հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել պատմական Պալացցո Վեկիոյի սրահներից մեկում։
Ներկաների թվում էին Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջանին, քաղաքային և մարզային իշանությունների ներկայացուցիչներ։
Էդուարդո Էռնեկյանին Ֆլորենցիայի հին դարպասների բանալիների կրկնօրինակը հանձնելիս՝ քաղաքապետ Նարդելլան, պարգևատրման շարժառիթների թվում նշել է հայ գործարարի «նվիրվածությունն ու ստեղծարար ոգին, որոնք բնորոշում են նրա ձեռնարկատիրական գործունեությունը, ինչպես նաև նրա ներդրումը՝ որպես Ռաուլ Վալլենբերգ միջազգային հիմնադրամի նախագահ, ի նպաստ համերաշխության, խաղաղության և քաղաքացիական խիզախության արժեքների պաշտպանության»։
Դեսպան Համբարձումյանն իր ելույթում կարևորել է այն մեծ դերը, որ Էռնեկյանն ունեցել իր պատմական հայրենիքի՝ նորանկախ Հայաստանի տնտեսության զարգացման և պետականաշինության գործում՝ արժանանալով պետության ամենաբարձր՝ Ազգային հերոսի կոչմանը։