Բոլորիս հուզող և անհանգստացնող մարտահրավերներին մեր արձագանքը պետք է արտահայտվի առաջին հերթին մեր պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի բնորոշմամբ՝ առկա խնդիրները կարելի է բաժանել երկու մասի. խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտները, և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ Վարչապետ) - Սահմանադրական արդարադատությունը կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու և ելք հարթելու համար, այլև շատ կարևոր է, որ սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որն իր բնույթով ինստիտուցիոնալ է, իր բնույթով պետական է: Սա եմ համարում սահմանադրական արդարադատության կարևորագույն գործառույթներից մեկը, ընհանրապես, դատական համակարգի և բոլոր ինստիտուտների, որովհետև ի վերջո մենք չունենալով անկախ պետություն, ունեցել ենք որոշակի մտածողություն:
Վարչապետի խոսքով՝ բոլոր ինստիտուտների կարևորագույն գործառույթը, բացի առօրյա օպերատիվ հարցերը լուծելուց, պետք է լինի այդ մտածողության տրանսֆորմացիան ապահովելը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջերս մի քննարկման ժամանակ, արձանագրեցին, որ մինչև այսօր լուծված չէ ազգ և ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը: Այն դեպքում, երբ Սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը, որովհետև ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, ինստիտուտը, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող է նաև կապված չլինել պետության, պետական ինստիտուտների հետ:
Նիկոլ Փաշինյան - Ի վերջո, եկեք արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունող մարմնի մասին է: Սահմանադիր ասելով նկատի է առնվում ժողովուրդը, և հենց մեր Սահմանադրության նախաբանում էլ սա է արտահայտված: Նաև սահմանադրական արդարադատությունը պիտի հասանելի լինի, այո՛, ոչ միայն որպես գործնական կիրարկման, այլև որպես հետազոտվող նյութ, որպես ընթերցման նյութ: Երբ ժամանակ առ ժամանակ արվում է աշխատանքի ամփոփում, չափազանց կարևոր է, որ արված աշխատանքը հասանելի է դարձվում և՛ համացանցային տիրույթում, և՛ հրատարակվում է տպագիր եղանակով: Իհարկե, նաև համոզված եմ, որ հետագայում ուսանողները, հետազոտողները շատ հետաքրքիր տեղեկատվություն կգտնեն այդ հետազոտությունների մեջ, որն իմ ասած պետական մտածողության ձևավորման շղթայում շատ կարևոր մի օղակ է:
Սահմանադրական դատարանը մեր երկրի սահմանադրական արդարադատություն իրականացնող պետական կարևորագույն ինստիտուտներից մեկն է, իր ելույթում նշեց վարչապետը: Ըստ նրա, հետևողականորեն կայացնում են որոշումներ, որոնց նպատակը դատական համակարգը և հատկապես Սահմանադրական դատարանը իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմաններով օժտելն է: