Հունաստանի վարչապետը երկուշաբթի խոստացել է «բոլոր ուժերով» օգնել Թուրքիային, որը տուժեց 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո:
Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Անկարան համաձայնել է, որ Հունաստանը փրկարարական ջոկատ ուղարկի Թուրքիա: Միաժամանակ Աթենքը պատրաստ է աղետի գոտի ուղարկել «լրացուցիչ սարքավորումներ, բժշկական պարագաներ, վերմակներ, վրաններ»՝ կախված թուրքական հետագա խնդրանքներից:
Հունաստանի կառավարության խոսնակը հայտնել է, որ C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը հավանաբար երկուշաբթի կմեկնի Թուրքիա՝ փրկարարներով և պաշարներով։
Agence France Presse գործակալությունը հիշեցնում է, որ չնայած միգրացիայի և ածխաջրածինների հետախուզման շուրջ տասնամյակների թշնամությանն ու վերջին շրջանում լարվածությանը՝ Հունաստանն ու Թուրքիան երկրաշարժերի ժամանակ միմյանց օգնելու երկար պատմություն ունեն:
Երկրները համագործակցել են նաև վերականգնման ջանքերի ուղղությամբ 2020 թվականին՝ Էգեյան ծովում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան, այն մեծ վնաս պատճառեց հիմնականում Թուրքիային: