Մոտ 600 քաղաքացի Արցախում վիրահատվելու կարիք ունի, սակայն շրջափակման պատճառով զրկված է այդ հնարավորությունից։ Վիրահատություն կատարում են միայն անհետաձգելի դեպքերում:
Մհեր Մուսայելյան (Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն) - Դեկտեմբերի 12-ից առ այսօր մենք իրականացրել ենք 254 վիրահատություն, բոլորը եղել են սուր ցուցումներով:
Դեկտեմբերի 12-ից պլանային վիրահատությունների հետաձգման պատճառը դեղորայքի և անհրաժեշտ նյութերի սղությունն է, ասում է Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրենը:
Մհեր Մուսայելյան - Առողջապահության նախարարության պահուստային ֆոնդից և Կարմիր խաչի միջնորդությամբ ստանում ենք դեղորայք, և այն բավարարում է այս ձևաչափով աշխատելուն: Պլանային վիրահատությունների համար մենք իհարկե պետք է ավելի մեծ քանակությամբ պահուստային ֆոնդ ունենանք:
68-ամյա Գյուլչորա Հարությունյանը լեղապարկի սուր ցավով տեղափոխվել է հիվանդանոց, բժշկի ցուցումով անհրաժեշտ է օրգանի հեռացում: Բայց պլանային վիրահատությունների հետաձգման պատճառով առաջարկել են սպասել ու դեղորայքային բուժում են նշանակել:
Գյուլչորա Հարությունյան (բուժառու) - Մինչև հիմա ես օրական դեղեր եմ ընդունում, որպեսզի այդ նոպաները չունենամ: Ճիշտ է, հիմա քիչ ուշ-ուշ են նոպաներ լինում, որովհետև ամեն օր դեղ եմ ընդունում, բայց մեկ է՝ լավ չեմ զգում:
Պլանային վիրահատությունների վերսկսմանը նաև տասնյակ երեխաներ են սպասում: Նյութեր չունենալու պատճառով մանկականում ևս որոշ հետազոտություններ չեն կատարվում:
Էռնեստ Լալայան (Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման փոխտնօրեն) - Ունեինք պաշար, բայց պաշարներն անվերջ չեն, միանշանակ սպառվելու են վաղ թե ուշ: Եվ Կարմիր խաչի միջոցով ձեռք բերված դեղորայքը, բնականաբար, չի հերիքում: Նաև ասեմ, որ մեծամասնությամբ դեղորայքը սպառվում է պոլիկլինիկական ծառայության միջոցով: Մենք արդեն բավականին երկար ժամանակ անհրաժեշտ դեղորայք, որպեսզի ամբուլատոր բուժվող երեխաներին տրամադրենք այդ դեղորայքը: Հիմնականում դա վերաբերում է հակաբիոտիկներին:
Հակառակ դեղորայքային տխուր վիճակագրությանը՝ Արցախի մանկական հիվանդանոցի մասնագետներն աննախադեպ հաջողություն են գրանցել: Հայաստանի գործընկերների հեռավար աջակցությամբ բուժել են վիսցերիալ լեյշմանիոզ ախտորոշմամբ 7 ամսական երեխայի:
Էռնեստ Լալայան - 7 ամսական երեխայի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իհարկե, լեյշմանիոզի առումով մենք բուժումը կատարել ենք, այդ կուրսն ամբողջությամբ կատարել ենք, բայց դեռ շտկելու բաներ կան: Տվյալ պահին այդ երեխայի մոտ անեմիա կա, հեմոգլոբինը ցածր է, Պ12-ը ցածր է, դեռ շտկման կարիք ունի:
Ադրբեջանական շրջափակման պայմաններում արցախցի բժիշկները բուժել են նաև ծանր թոքաբորբեր, որոնց ախտորոշման դեպքում հիվանդը պարտադիր տեղափոխվում էր Երևան: