Ստեփան Փայասլյան (օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ) - 5 եվրոյով Աբու Դաբի-Երևան տոմս կար, երբ նոր էր բացվում այդ ուղղությունը:
Նման մատչելի տոմսերը մեզ համար արդեն զարմանալի չեն: Եվ պատճառը ոչ միայն մեր շուկա բյուջետային ավիափոխադրողների մուտքն է: Դրանք մարքեթինգային քայլեր են, որ ավիաընկերությունները պարբերաբար են կիրառում, և ինչքան շատ ավիափոխադրողներ լինեն, այնքան այդպիսի քայլերը շատ կլինեն: Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետն է մանրամասնում:
Ստեփան Փայասլյան - Հայաստանում առաջին անգամ 5 հայկական ավիաընկերություն թռիչքներ է իրականացնում Հայաստանից: Մեկ ամսից կավելանա մեկը, կդառնա 6:
Ուղևորը ընտրության հնարավորություն ունի ոչ միայն երկրների, այլև օդանավակայանների դեպքում, դա ևս ազդում է տոմսերի արժեքի վրա:
Զուգահեռ՝ «Ավիացիայի մասին» օրենքում՝ լիցենզիա ստանալու կարգում են փոփոխություններ կատարվել: Պետությունն այս պահին իրավունք չունի մերժել վատ հեղինակություն ունեցողներին լիցենզիայի տրամադրումը: Մինչդեռ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ամբողջությամբ ընդունումից հետո արդեն ավիաընկերության կառավարման վրա ազդեցություն ունեցող անձանց վատ հեղինակությունը կփակի տվյալ ընկերության համար օդային ճանապարհը՝ այդպիսով բարձրացնելով հայկական ավիացիայի հեղինակությունը:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Որպես վատ հեղինակություն դասակարգել ենք չափորոշիչները, որոնց դեպքում մերժվում է վկայականի տրամադրումը, փոխկապակցված անձի դեպքում ևս մերժվում է:
Վատ հեղինակություն կարող է համարվել, եթե ընկերության խորհրդի անդամը, տնօրենը, խոշոր բաժնետերը կամ նրանց ընտանիքի անդամները դատվածություն ունեն, նախկինում դատարանով սնանկ են ճանաչվել կամ ունեն հարկային, վարկային չմարված պարտավորություններ, միջազգային հետախուզման մեջ են և այլն:
Արմեն Սիմոնյան - Իրանի դեպքը հիշում եք, օդանավը գնաց Իրան, փաստաթղթային առումով ամեն ինչ նորմալ էր, բայց օդանավը Հայաստան ժամանելու փոխարեն գնաց հարևան երկիր:
Ակտիվությանը նպաստում է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Հայաստանը կարողացավ արագ ճիշտ դիրքավորվել, արդյունքում՝ շատ ավիաընկերություններ Հայաստանով այլ երկրներ մեկնելու նոր ուղիներ բացահայտեցին:
Մի շարք ռուսական ընկերություններ դադարեցրին չվերթերը, որը պայմանավորված էր օդանավերի թռիչքների արգելքով, և 3 ուկրաինական ընկերություններ, որոնցից 2-ը նոր էին մուտք գործել մեր շուկա, բնականաբար, այս պահին հնարավորություն չունեն թռիչքներ իրականացնելու:
2023-ն էլ արդեն դրական լուրերով է սկսվել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան