Հայաստանի առևտրային բանկերը նախորդ տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ կտրուկ ավելացրել են իրենց ակտիվները օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում: Հայաստանյան «Մոդեքս» խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծ շահույթի և ավանդների մեծ ներհոսքի պատճառով բանկերն իրենց հավելյալ միջոցները ներդրել են օտարերկրյա կազմակերպություններում, և եթե 2021-ի տարեվերջին բանկերի օտարերկրյա ներդրումները շուրջ 963 մլն դոլարի էր հասնում, ապա 2022-ի երրորդ եռամսյակի ավարտին այդ թիվը դարձել է 2 մլրդ 577 մլն դոլար:
Հայկազ Ֆանյան («Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն) - Առևտրային բանկերի շահույթը, խոսքը 17 առևտրային բանկերի մասին է, շուրջ 260-270 մլրդ դրամ է կազմել, որը բավականին աննախադեպ ցուցանիշ էր հանդիսանում մեր բանկային համակարգի համար, և առաջատար բանկեր մենք ունենք. առաջինը՝ «Արդշինբանկը», հետո՝ «Ամերիաբանկը», որոնք որ բավականին լուրջ շահույթ են արձանագրել:
Նախորդ տարեվերջի տվյալով՝ հայաստանյան բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 209 մլրդ դրամ, իսկ ավանդներինը՝ 5 տրլն 122 մլրդ դրամ:
Թե որ երկրներում են միջոցները ներդրվել կամ որ կազմակերպություններում և ինչ տոկոսադրույքով, ըստ Ֆանյանի, տեսանելի չէ Կենտրոնական բանկի հրապարակումներում: Հայաստանում արված ներդրումների ծավալը նույնպես հայտնի չէ, բայց համադրելով բանկերի տրամադրած վարկերի և ավանդների տարբերությունն ու օտարերկրյա կազմակերպություններում արած նրանց ներդրումները, կարելի է ենթադրել, որ երկրում մնացած փողն անհամեմատ քիչ է դրսում ներդրվածից: Ընդ որում՝ Հայաստանում մնացած գումարի հիմնական մասը ծախսվել է պետական պարտատոմսերի ձեռքբերման վրա, այսինքն՝ ներդրումը չի արվել տնտեսության իրական հատվածում:
Հայկազ Ֆանյան - Քանի որ բանկերը ստանձնում են ցպահանջ պարտավորություններ իրենց ավանդատուների նկատմամբ կամ ուղղակի հաշիվներում առկա հենց ցպահանջ միջոցները, հետևաբար իրենք նաև պետք ա բարձր իրացվելի ակտիվներ ունենան դրամական միջոցների, ավանդների տեսքով, որ առաջին իսկ պահանջի դեպքում կարողանան իրենց հաճախորդների էդ պահանջները բավարարել դրամական: Բայց պարզ ա, որ մի մասը ամեն դեպքում ազատ միջոցներ կարար լիներ, որը որոշակի ժամանակահատվածում կարող էր ներդրվել մեր տնտեսությունում:
Բանկերի հիմնական շահառուներից փոքր ու միջին բիզնեսն է, և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Սամսոն Գրիգորյանը բացասական է գնահատում այսչափ մեծ գումարի դրսում տեղաբաշխումը, այն պարագայում, երբ տնտեսությունն ունի այդ գումարի կարիքը:
Սամսոն Գրիգորյան (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ) - Մի քանի տարի առաջ մենք Եվրոպայից կարծես սպասում էինք նման գումարի ներդրում, որը հույս ունեինք, որ Հայաստանի տնտեսության համար պետք ա լիներ պարարտ հող, որպեսզի տնտեսությունը շատ արագ զարգանա, ու էսօր մենք մեր փողն ենք դուրս հանում էդ չափով երկրից, օդի և ջրի պես էդ գումարը ՀՀ տնտեսությանը պետք կգար, դա կբերեր շատ լուրջ զարգացման:
Ըստ Գրիգորյանի՝ Կառավարության իրականացրած՝ ստվերից դուրս գալու միջոցառումներն օգնել են բանկերի եկամուտների աճին, սակայն տնտեսությունը դրա ազդեցությունը չի զգում:
Սամսոն Գրիգորյան - Բանկերը կոպիտ ասած հարկում են ամբողջ Հայաստանի քաղաքացիներին, տրանսֆերտ ստացողներին, աշխատավարձ ստացողներին, բիզնեսին շատ ուժեղ, և նրանց մոտ գումարի լճացում է լինում, որը էլի մեր թերանալու պատճառով հնարավոր չի լինում էդ գումարը սպառել ՀՀ-ի մեջ: Իրադրությունների շարանը բերեց էնպիսի մի վիճակի, որ մեզ մոտ էսպիսի շանս առաջացավ ունենալ այսքան ազատ գումար, մենք այդ շանսը բաց թողեցինք մեր ձեռքից իհարկե: Էդ գումարը եթե դրվեր Հայաստանի տնտեսության համար, դա շատ լուրջ խթան կլիներ՝ շատ մեծ զարգացումներ ապահովելու համար:
Խոշոր 2 բանկերը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չցանկացան տրամադրել: Իսկ Հայաստանի կենտրոնական բանկը, անդրադառնալով թեմային, «Լուրերին» հայտնեց:
ՀՀ կենտրոնական բանկ
«Առևտրային բանկերը իրենց ներդրումային քաղաքականությունները որոշում և իրականացնում են ինքնուրույն՝ առկա օրենսդրական և նորմատիվային կարգավորումների ներքո»:
«Մոդեքս» խորհրդատվական ընկերության ղեկավարի կարծիքով՝ մինչդեռ պետությունը պետք է փորձեր տարբերակներ մշակել, որ բանկերի համար երկրում ներդրումներ անելու հեռանկարն ավելի գայթակղիչ դառնար:
Հայկազ Ֆանյան - Գոնե լայն հասարակությանը կամ փորձագիտական հանրությանը հայտնի չի էդպիսի մի քննարկում, որը ծավալված լինի թեկուզ ԿԲ-ի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, կառավարության ներկայացուցիչների նախաձեռնությամբ, թե ինչպես կարելի է էդ միջոցները մասամբ ուղղել դեպի տնտեսության իրական հատված:
Մասնագետները նշում են՝ ներդրումային պայմանների բարելավումից հետո օրենսդրական փոփոխությամբ արժի բանկերին պարտավորեցնել հավելյալ միջոցների գոնե մի մասը երկրի տնտեսության իրական հատված ուղղել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան