ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, ամենայն հավանականությամբ, կբավարարի Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու՝ Հայաստանի դիմումը: Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, սակայն, չի կարծում, թե Ադրբեջանն ամբողջությամբ կհետևի դատարանի որոշմանը, բայց, ըստ նրա, կփորձի գտնել որոշ մասնակի լուծումներ: Արցախի շրջափակումն այնքան ակնհայտ է, որ հնարավոր չէ թաքցնել, և, փորձագետի խոսքով, միջազգային ատյանները ստիպված են լինելու իրերը կոչել իրենց անուններով: Մեկ ամսից ավելի է՝ Հայաստանի հայցով Եվրադատարանը հրահանգել է Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու ծանր հիվանդների անվտանգ շարժը: Ադրբեջանը անտեսել է նաև Ստրասբուրգի դատարանի որոշումը:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի փորձագետ) - Ամենակարևոր մեր ձեռքբերումը, որ մեզ հաջողվել է ստեղծել համընդհանուր կարծիք իրավական տարբեր ատյաններում, և ՄԻԵԴ-ը, բնականաբար, ուշադրությամբ հետևում է, թե զուգահեռ այլ դատարանում ինչ փաստարկներ են ներկայացվում, դատարանն ինչ որոշումներ է կայացնում: Սա ամենամեծ ձեռքբերումն է, որ կառավարությանը հաջողվել է ստեղծել կապիտալ միջազգային ատյաններում:
Հունվարի 30-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի», իսկ հաջորդ օրը «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումներից հետո Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հայաստանը դատարանին դիմել էր՝ հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն 56 օր փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ամբողջությամբ վերականգնել և ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց: Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ հայկական կողմը ներկայացնում էր իրավական հիմնավորումներ ու ապացույցներ, ադրբեջանական կողմը՝ քաղաքական հայտարարություններ:
Էլնուր Մամեդով (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ) - 2021 թվականի սեպտեմբերից Ադրբեջանն իր տարածքում հայտնաբերել է 2021 թվականին Հայաստանում արտադրված 2700 նոր ական: Բացի այդ, պարբերաբար պայթուցիկ սարքեր են հայտնաբերվում: Դրանք լուրջ վտանգ են ներկայացնում ադրբեջանցիների կյանքի համար:
Տարոն Սիմոնյան (իրավաբանական գիտությունների թեկնածու) - Նոր ապացույցները այսպես ասած, որոնք իբր թե ներկայացնում էին, վերաբերում էին ժամանակահատվածին, երբ իրենք մտել են ՀՀ տարածքները, օկուպացրել, այնտեղից հանել հայկական ականները, տարել ԼՂ օկուպացված տարածքներ, ցույց են տալիս, թե իբր Արցախի հայերը ՀՀ աջակցությամբ այդ ականները տեղադրել են այդ վայրերում, դա ներկայացնում որպես ռասայական խտրականության հերթական դրսևորում: Այս ապացույցները չեն կարող օգտագործվել դատարանի կողմից. նախ՝ որովհետև մեր իրավաբանների թիմը բավականին լուրջ փաստարկներով ներկայացրեց, որ դրանք ՀՀ տարածքից դուրս բերված ականներ են, որովհետև ժամանակագրությունը հենց դա էր նշում:
Միջազգային դատական բարձր ատյանից Հայաստանի ներկայացուցիչը հիմնավորեց, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում, հատկապես քաղաքացիական տարածքներում, և չի փորձում ռասայի հիմքով թիրախավորել Ադրբեջանի քաղաքացիներին, դա, նրա խոսքով, աներևակայելի է:
Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչ) - Ադրբեջանն այդ մեղադրանքների մասին բազմիցս է խոսել, դրանք բազմիցս հերքվել են: Իրականությունն այն է, որ Ադրբեջանը ականներ հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, որոնք Ադրբեջանի զինված ուժերն են զբաղեցրել 2021-22 թվականներին, ուստի Ադրբեջանը ձգտում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականներով կեղծ ապացուցողական բազա ձևավորել՝ իր միջնորդությունը հիմնավորելու համար: Այս միջնորդությունը ոչ միայն ցինիզմի դրսևորում է, այլև զուրկ է հիմքերից: Հուսով եմ՝ դատարանը Ադրբեջանին թույլ չի տա վարույթը չարաշահել՝ փորձելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել:
Սկզբից մինչև վերջ Ադրբեջանը կրկնեց այն, ինչ վերջին մի քանի տասնամյակում է ասել: Փաստարկները կրկին վերաբերում էին 90-ականներին, որոնք Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով քննարկման ենթակա չեն: Ներկայացնում էին Ակնան՝ հայերին մեղադրելով իբր քաղաքը վատ պահելու համար: Փորձագետները վստահ են՝ երկու դեպքում էլ Ադրբեջանը չի կարող հաջողության հասնել: Հաագայում Ադրբեջանը պնդեց նաև, թե իբր իրենք չեն առաջացրել միջանցքով երթևեկության խոչընդոտ:
Տարոն Սիմոնյան - Այստեղ չեն կարող մեղքը գցել խաղաղապահների վրա, ռուսները անվտանգության են ապահովել, մեր թիմը հստակ ներկայացրեց, որ խաղաղապահները ապահովում են, որ բախում չլինի, իսկ ադրբեջանցիները ի դեմս վայ էկոակտիվիստների, կիսառազմականացված ներկայացուցիչների, ամեն ինչ անում են, որ նախ՝ փակվի ճանապարհը, հետո՝ անմարդկային վիճակ ստեղծվի, նաև, որպես դրա հետևանք, հայերը թողնեն դուրս գան, որ էթնիկ զտման պետական քաղաքականության դրսևորում էր: Հույս ունեմ, որ դատարանը անհապաղ միջոց կկիրառի, դիմել ենք, իրավիճակը ծայրահեղ է, վերջին միջոցն է, որ ակնկալում ենք միջազգային հանրությունից, որ անհապաղ միջոցի օգնությամբ կարողանանք ճանապարհը բացել: Հակառակ դեպքում սա նմանվում է ցեղասպանության քաղաքականության, և ՄԱԿ-ի դատարանը չի կարող թույլ տալ հերթական ցեղասպանությունը կատարվի:
Միջանկյալ միջոցի կիրառման մասին ՄԱԿ-ի դատարանի որոշումն ազդելու է ամբողջական գործի քննության վրա, վստահ է Արա Ղազարյանը, որը միջազգային դատական ատյաններում զբաղվում է ադրբեջանական գործողությունների հետևանքով հայերի խախտված իրավունքների պաշտպանությամբ: Եղիշե Կիրակոսյանն ու Հայաստանի իրավախորհրդատուները ներկայացրին Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքները: Դրանք ոչ միայն հայկական աղբյուրներից վերցված ապացույցներ են, այլև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, փաստահավաք խմբերի, նաև պետությունների արած եզրակացություններ, հայտարարություններ ու բանաձևեր:
Արա Ղազարյան - Եթե դատարանը որոշում է, որ ճանապարհը պետք է բացել, նշանակում է, ընդունում է, որ ճանապարհը փակել է Ադրբեջանը: Երկրորդ՝ դատարանը ընդունում է, որ Ադրբեջանը ճանապարհը փակել է՝ օգտագործելով որպես դա ռասիզմի գործիք, պատերազմի գործիք, որովհետև դա միակ խողովակն է՝ ռասիզմի արգելքը, որի միջոցով այս դատարանում գործը քննվում է: Այսինքն՝ Ադրբեջանը պետք է ապահովի ճանապարհի անխափան շահագործումը, դրանով կհաստատի երկրորդ անգամ ՄԻԵԴ-ից հետո, որ Ադրբեջանը միտումնավոր փակ է պահում:
Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստում։ Համաձայն Դատարանի՝ որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։