«Ցե-կվադրատ» և «Ամունդի-ակբա»՝ այս երկու ընկերությունների կառավարմանը հանձնված ֆոնդերում են 2014-ից սկսած Հայաստանի քաղաքացիները կուտակում իրենց կենսաթոշակները: 2022-ի առաջին երեք եռամսյակներում այս երկու կառույցների կողմից կառավարվող երեքական կենսաթոշակային ֆոնդերը գրանցել էին բացասական եկամտաբերություն: Վերջին՝ չորրորդ եռամսյակը, սակայն, դրական եղավ տարբեր ռիսկայնություններ ունեցող բոլոր 6 ֆոնդերում:
«Ցե-կվադրատի» կայուն եկամտային ֆոնդում 2022-ի 4-րդ եռամսյակի եկամտաբերությունը 1.8 տոկոս է եղել, պահպանողականինը՝ 2.4 տոկոս, հավասարակշռված ֆոնդինը՝ 2.6 տոկոս: «Ամունդի-Ակբայի» կայուն եկամտային ֆոնդում եկամտաբերությունը 1.4 տոկոս է, պահպանողական ֆոնդինը՝ 2.7 տոկոս, հավասարակշռված ֆոնդինը՝ 2.8 տոկոս:
Ի դեպ, սա չի նշանակում, որ ֆոնդերը տարին դրական եկամտաբերությամբ են փակել: 2022-ի արդյունքներով՝ «Ցե-կվադրատի» ֆոնդերը նույն հերթականությամբ ունեցել են -4.5, -8.2 և -8.9 տոկոս եկամտաբերություն, իսկ «Ամունդի-Ակբայի» եկամուտները նվազել են համապատասխանաբար -3.5, -7.7, -9.0 տոկոսով:
Շուշաննա Առաքելյան («Ցե-կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության ներդրումային վերլուծաբան) - 2022 թվականը բացառիկ տարի էր, ու աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, դրանից առաջ քովիդով պայմանավորված մատակարարման շղթաների խաթարման հետևանքով արդեն բարձր գնաճային ճնշումները ու մի շարք իրար հաջորդող անբարենպաստ գործոնների հետևանքով տարին սկսվեց արդեն բարձր գնաճով: Այդ բարձր գնաճով պայմանավորված աշխարհի գրեթե բոլոր ԿԲ-ները, այդ թվում՝ Հայաստանի ԿԲ-ն, խստացրեցին դրամավարկային քաղաքականությունը ու բարձրացրեցին տոկոսադրույքը, որպեսզի զսպեն գնաճը:
Հրայր Ասլանյան («Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ) - Էս ամենը բերեցին, եթե արտաքին շուկաներին անդրադառնանք, և՛ պարտատոմսերի, և՛ բաժնետոմսերի գների էական նվազման: Օրինակ՝ բաժնետոմսերի մասով անկումը 2022 թվականին կազմել ա 18 տոկոս, իսկ պարտատոմսերի մասով՝ 17 տոկոս, որ աննախադեպ ցուցանիշ ա եղել: Մեզ մոտ, եթե անդրադառնանք մեր ներքին տնտեսությանը, էստեղ հիմնական բացասական գործոնը եղել ա փոխարժեքը, այսինքն՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ մեր ազգային արժույթի կտրուկ արժևորումը՝ շուրջ 20 տոկոս և եվրոյի նկատմամբ արժևորումը, սրան գումարվել է տեղական պարտատոմսերի գների որոշակի անկումը, որ ունեցել ենք, էս ամբողջը գումարվելով իրար առաջին 9 ամիսների համար ձևավորվեց բավականին բացասական ֆոն՝ եկամտաբերության առումով:
Երկու կառավարիչներն էլ, սակայն, կայունացում են նկատում, ինչի մասին էլ վկայում են թե՛ վերջին եռամսյակի դրական եկամտաբերությունները, թե՛ միայն հունվարի ցուցանիշները, որոնք ևս դրական են եղել: Սա նաև ԿԲ-ների դրամավարկային քաղաքականության արդյունքում է. մեր երկրի պարագայում գլխավոր դրամատունը օրեր առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողեց:
Կարեն Զաքարյան (ֆինանսիստ) - Էս տարին ևս շատ լավ ա սկսվել ֆոնդերի կատարողականների տեսանկյունից և նույնիսկ ավելի լավ, քան 4-րդ եռամսյակն էր: Այսինքն՝ եթե տենդենցը շարունակվի, մենք 2023-ի առաջին եռամսյակն էլ ենք ունենալու լավ դրական կատարողական:
Համակարգը մեր երկրում գործարկվել է 2014 թվականից և պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր պետական ծառայողների, աշխատողների, անհատ ձեռնարկատերերի համար: Կառավարիչները փաստում են, որ վերջին տարիներին մարդիկ փոքր-ինչ ակտիվացել են ֆոնդի ու կառավարիչի ընտրության հարցերում:
Շուշաննա Առաքելյան - Մենք խրախուսում ենք մարդկանց հետաքրքրությունը ֆոնդերի նկատմամբ ու կարծում ենք, որ մարդկանց համար անհրաժեշտ է, որ ավելի նյութական լինի, քանի որ կենսաթոշակային կուտակումները նրանց սեփականությունն են, ինչպես նրանց տունը, բանկային հաշիվը, կա ավանդը, ու կարևոր է, որ մարդիկ հասանելիություն ունենան և տեղեկացված լինեն, որքան գումար ունեն կուտակված, որտեղ են այդ գումարները կուտակվում, ֆոնդից կախված ինչ եկամտաբերություն են ապահովում, ու հորդորում ենք մարդկանց, որ հետևեն իրենց կենսաթոշակային կուտակումներին:
Կուտակած գումարը մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը ստանալու հնարավոր մի քանի տարբերակ կա ընդամենը, ցանկը վերջերս վերանայվել է:
Հրայր Ասլանյան - Առաջին՝ երբ մասնակիցը, այսինքն՝ օտարերկրացին մեկնում է իր մշտական բնակության երկիր: Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ ՀՀ քաղաքացին ժամանակի ընթացքում ստանում է այլ երկրի քաղաքացիություն: Երկրորդ դեպքը՝ Կառավարությունը սահմանել ա հստակ հիվանդությունների ցանկ, ընդ որում՝ էդ ցանկը որոշակի ընդլայնվեց, եթե ինքը ծայրահեղ հիվանդությունների դեպքում էր, հիմա նաև հնարավորություն է տալիս ձեռք բերել այն դեպքում, որը հնարավորություն կտա անձին բուժվել:
Կուտակումները նաև ժառանգաբար փոխանցվում են, և ժառանգը կարող է ընտրել՝ գումարը ստանալ միանվագ, ընդ որում՝ ժառանգությունը չի հարկվում, կամ խնայողությունն ամբողջությամբ փոխանցել իր կուտակային հաշվին: Խոսքը ամբողջ գումարի՝ քաղաքացու և պետության վճարած 5-ական տոկոսների և ֆոնդերի ապահոված եկամուտի մասին է: 2020-ից հետո բազմաթիվ դեպքերով մասնակիցների ժառանգները գումար են ստացել: Կառավարիչներն անդրադառնում են նաև քաղաքացիների անհանգստությանը, թե իրենք ապագայում կուտակած գումարները չեն ստանա:
Կարեն Զաքարյան - Նախ՝ օրենքով սահմանված ա, որ պետությունը երաշխավորում ա յուրաքանչյուր մասնակցի կողմից կուտակային համակարգում ներդրված միջոցների վերադարձը՝ գնաճով ճշգրտված, էս մասով մարդիկ կարող են հանգիստ լինել, որ իրենց ներդրումները պետության կողմից երաշխավորված են: Երկրորդ փաստարկը, որը ավելի խոսուն է, որ մենք վերջին տարիներին անցել ենք շատ լուրջ ցնցումների միջոցով, որի ի հայտ գալու հավանականությունը սրանից մի քանի տարի առաջ շատ ցածր էր: Ամեն դեպքում մենք էդ ցնցումների միջոցով անցել ենք և մենք էսօր ինչ ունենք մեր կուտակային հաշիվներին, չի եղել էնպիսի դեպք, որ խնդիր առաջանա, և հարցը հասնի էն դեպքին, որ պետությունը ստիպված կլինի երաշխավորել: Էն մարդիկ, որոնք մի քանի տարի է՝ միացած են համակարգին, իրենց մոտ եկամտաբերությունը դրական է:
Ըստ համակարգի առջև դրված նպատակի՝ կենսաթոշակային տարիքի անցնելիս քաղաքացին պետք է ստանա իր աշխատավարձի նվազագույնը 40 տոկոսի չափով կենսաթոշակ: Օրինակ՝ այսօր 300 հազար դրամով աշխատողի դեպքում կենսաթոշակն առնվազն կկազմի 120 հազար դրամ: Կառավարիչների պնդմամբ՝ ինֆլյացիան ևս հաշվի են առնում:
Հրայր Ասլանյան - Ինքը երկարաժամկետ կառավարումը հաշվի է առնում նաև ինֆլյացիայի գործոնը, էդ նույն դիվերսիֆիկացիան, դրամի արժեզրկումը որոշակի ժամանակահատվածներում, կարող է փոխհատուցվել, օրինակ՝ այլ ներդրումների աճով տարբեր աշխարհամասերում, էս մեխանիզմները օգնում են նաև էդ ռիսկը կառավարել:
Եկամուտը պետք է լինի ավելի բարձր, քան գնաճը՝ իր դիտարկումն է ներկայացնում ֆինանսիստը: Ընդգծում՝ այդպիսին է նաև միջազգային փորձը, որտեղ շատ ֆոնդերի եկամտաբերությունը երկարաժամկետ կտրվածքով ավելի բարձր է եղել, քան գնաճը:
Կարեն Զաքարյան - Պետք ա հաշվի առնել, ոչ թե ինչքան աշխատավարձ ես դու հիմա ստանում, այլ ինչքան աշխատավարձ կստանաս էն ժամանակ, երբ որ թոշակի ես գնալու, բնականաբար, դա կախված է նրանից, թե ինչպես դու կաշխատես քո մասնագիտական կարողությունները զարգացնելու վրա: Չի կարելի ենթադրել, որ այն աշխատանքը, որ էսօր ես անելու՝ երիտասարդ մասնագետ լինելով, անելու ես ևս 30 տարի, աշխատաշուկայում մեծ փոփոխություններ կարող են լինել:
Եթե քաղաքացին մի քանի գործատուի մոտ է աշխատում կամ ունի կնքված տարբեր տեսակի պայմանագրեր՝ հաստիքային կամ ծառայությունների մատուցման, կուտակում է բոլոր աշխատավայրերից, բայց կան սահմանափակումներ:
Հրայր Ասլանյան - Յուրաքանչյուր գործատու տվյալ քաղաքացու անունից կատարում է պահում՝ այս պահի դրությամբ իր աշխատավարձի 5 տոկոսի չափով և փոխանցում կամուրջ հաշվին: Դրանից հետո, երբ որ մի տեղ հավաքվում են այդ մասնակցի անունով կուտակումները, կա իրականում առավելագույնի շեմ, որը մինիմալ աշխատավարձի 15-ապատիկի և պետության կողմից մաքսիմում համաֆինանսավորման, որը 25 հազար դրամ ա այս պահին: Այս պահին առավելագույն չափը կազմում է 87.500 դրամ: Այս չափը գերազանցող պահումները վերադարձելի են, եթե մասնակիցները դիմեն, իսկ իրենց կենսաթոշակային հաշվին փոխանցվում են առավելագունը 112.500 դրամը:
«Ցե-կվադրատում» կառավարվող ակտիվները 269 մլրդ դրամի են հասնում, 98.5 տոկոսը պահպանողական ֆոնդում է: «Ամունդի-Ակբայում» ակտիվները 292 մլրդ դրամ են, 97.6 տոկոսը՝ պահպանողական ֆոնդում: Այս գումարների առնվազն 60 տոկոսը պետք է պահվի դրամով, մյուս մասն արտարժույթով, ներդրվում են Հայաստանի պետական ու կորպորատիվ պարտատոմսերում, արտասահմանյան պարտատոմսերում ու բաժնետոմսերում, տեղական բանկերի ավանդներում: Ստեղծման պահից «Ցե-կվադրատի» միջին տարեկան եկամտաբերությունը ցածր ռիսկային ֆոնդում 7.5, միջինում՝ 6.7, իսկ բարձր ռիսկայինում՝ 6.8 տոկոս է, «Ամունդի Ակբայի» միջին տարեկան եկամտաբերությունը ստեղծման պահից կայուն եկամտային ֆոնդում 6.6, պահպանողականում՝ 6.7, իսկ հավասարակշռվածում 6.8 տոկոս է: Կենտրոնական դեպոզիտարիայի վարած վիճակագրության համաձայն՝ 2022-ի տարեվերջի տվյալով կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը 745.899 է, կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքն ավելի քան 560 մլրդ 411 մլն դրամ է: