Ինչպես վստահ լինել, որ առողջության պարտադիր ապավագրության վճարները չեն փոշիանա, և չի պարզվի, որ պետք է կանոնավոր վճարումներից բացի մի կլորիկ գումար էլ մուծել, երբ առողջական խնդիրներ առաջանան: Սրանք ֆինանսական սպասվող պարտավորությունից առանձնապես չոգևորված քաղաքացիներին մտահոգող հիմնական հարցերից են:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Մեծամասամբ՝ 90 տոկոսից ավելի ծառայությունները ընդգրկվելու են, կարևոր դեր է կատարելու նաև տեղեկատվական արշավը:
Նախատեսվում է, որ ապահովագրությունը չի փոխհատուցի, օրինակ՝ պլաստիկ վիրահատությունների, քրոնիկ հիվանդությունների ցանկից դուրս դեղերի ծախսերը: Ստոմատոլոգիական՝ փոխհատուցվող ծառայությունները նույնպես կլինեն սահմանափակ:
Այս շաբաթ Կառավարության նիստում ընդունված հայեցակարգի համաձայն՝ համակարգը ներդրվելու է աստիճանաբար: Ընթացիկ տարին կլինի նախապատրաստական՝ կհստակեցվեն բոլոր հաշվարկները, կստեղծվեն իրավական հիմքերը: 2024-ին պարտադիր ապահովագրության համակարգում կընդգրկվեն այն խմբերը, որոնք ներկայում օգտվում են պետպատվերով ծառայություններից: 2025 թվականին կմիանան 63 տարին լրացած քաղաքացիներն ու պետական հատվածի աշխատողները։ 2026-ին՝ բոլոր աշխատողները, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում: Համակարգն ամբողջությամբ ներդրված կլինի 2027-ին:
Նախնական հաշվարկով՝ ապահովագրության տարեկան վճարը կլինի 150-200 հազար դրամ: Հայեցակարգում դեռ հստակ թվեր չկան, բայց նախատեսվում է, որ ապահովագրության գումարը որոշ դեպքերում կվճարի պետությունը, օրինակ՝ այժմ պետպատվերից օգտվող խմբերի համար: Ենթադրվում է՝ կլինեն նաև մարդիկ, որոնք դուրս կմնան պարտադիր ապահովագրությունից, քանի որ ընդգրկված չեն որևէ սոցիալական խմբում, չեն աշխատում ու նույնականացված չեն. այս քաղաքացիների համար կսահմանվի նվազագույն փաթեթ:
Լենա Նանուշյան - Օրինակ՝ անհետաձգելի բժշկության, առաջնային օղակի, ընտանեկան բժշկի այց. նվազագույն որոշակի ծառայություններ կնախատեսենք, որովհետև չենք կարող մարդկանց ընդհանրապես դուրս թողնել համակարգից և չհոգալ իրենց ծառայությունները:
Թեպետ բոլոր վարձու աշխատողները պարտադիր ապահովագրության համակարգում պետք է ընդգրկվեն 2026 թվականին, նախատեսվում է պիլոտային ծրագրով նրանց հնարավորություն տալ միանալ ավելի վաղ՝ կամավորության սկզբունքով: Այդ դեպքում պետությունը կփոխհատուցի նաև նրանց ապահովագրավճարի մի մասը: Թե որքան՝ պարզ կդառնա տարվա ընթացքում: Բայց այս հնարավորությունը նախատեսված կլինի սահմանափակ թվով մարդկանց, թերևս՝ 100 հազարի համար:
Լենա Նանուշյան - Որովհետև պետությունը, կախված թե ինչ գումար կունենա, պետք է նաև սուբսիդավորի միացողներին, դրա համար սահմանափակ կլինեն այդ տեղերը: Քանակը լրացուցիչ հաշվարկներից հետո կհայտարարենք:
Տնտեսագետների ու հասարակական կազմակերպությունների շրջանում մտահոգություններ կան, որ ապահովագրության առաջարկվող մոդելը շատ ռիսկեր է պարունակում: «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ն մասնավորապես հայտարարում է, որ արդյունավետ համապարփակ ապահովագրություն հնարավոր կլինի ներդնել առողջապահության համակարգի բարեփոխումներից հետո միայն: Ոլորտի պատասխանատուները խնդիրների առկայությունն ընդունում են, բայց ասում են՝ համակարգը մտադիր են բարեփոխել ապահովագրության ներդրմանը զուգահեռ:
Նույն կազմակերպության անդամ, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը հաշվարկել է, որ ներկայումս հիվանդանոցների, բժիշկների, մահճակալների հարաբերական քանակով Հայաստանը գերազանցում է եվրոպական զարգացած երկրներից շատերին, բայց ահա առողջապահության արդյունավետության տեսանկյունից` զիջում իրենից պակաս զարգացած երկրներին։
ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ (ԱԱՊՀ անդամ, տնտեսագետ) - Թվերը ցույց են տալիս, որ մեր պրոբլեմը փողի մեջ չէ: Մեր պրոբլեմը էֆեկտիվ համակարգ ձևավորելու մեջ է, էդտեղ է մեր հիմնական խնդիրը: Բայց երբ որ գալիս են՝ ասում՝ գիտեք ինչ կա, մեզ էլի փող տվեք, մենք խոսք ենք տալիս, որ մենք լավ տղա կլինենք, մենք ամեն ինչ կանենք, և լավ կլինի, էդ ամեն ինչը կարելի էր ասել 25 տարի առաջ:
Հայեցակարգի քննադատները բացասական են համարում, որ դրանում տեսական տեղեկություններ են, իսկ թվեր ու հաշվարկներ չկան: Ոլորտի պատասխանատուները նախկինում էլ հնչած այս մեղադրանքներին արձագանքել են՝ հայեցակարգով սահմանվում են սկզբունքներն ու ուղղությունները, իսկ դրան համապատասխան ֆինանսական բաղադրիչը խոստանում ներկայացնել ընթացիկ տարում:
ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ - Ես շատ լավ գիտեմ տարբերությունը որն է սկզբունքների ու հետագա քայլերի: Երբ որ սկզբունքների մեջ հստակ ընդգծվում է, որ խորհրդի նախագահը պետք է լինի միայն նախարարը, դա սկզբունք չի, դա կոնկրետ գործողություն է, տակտիկական, օպերացիոն որոշում է, որ տվյալ հիմնադրամի խորհրդի նախագահը պիտի լինի նախարարը:
Հայեցակարգի հրապարակումից հետո պարբերաբար մատնանշվող խնդիրներից է նաև այն, որ ապահովագրությունը գործելու է ոչ թե մասնավոր կազմակերպությունների, այլ պետական հիմնադրամի միջոցով: Ընդդիմախոսների համոզմամբ՝ արդյունք կարելի է ապահովել շահերի բախմամբ, երբ միջոցները հավաքագրողը, պատվիրատուն, վերահսկողն ու ծառայություն մատուցողը նույնը չեն:
ՍԱՄՎԵԼ ԽԱՐԱԶՅԱՆ (առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի աշխատանքային խմբի անդամ) - Շահերի բախումը պետք է դիտարկենք ոչ թե միջին օղակում ապահովագրական ընկերությունների միջև, այլ պետք է դիտարկենք բժշկական հաստատությունների մակարդակում, որտեղ այդ բուժօգնությունը տրամադրվում է, որովհետև միջին օղակում ապահովագրական ընկերությունների միջև մրցակցություն և շահերի բախումը մեկ նպատակ ունի, այսինքն՝ այդ ապահովագրական ընկերությունների շահույթի մեծացումն է:
Ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը նշում է, որ Պետական առողջապահական գործակալությունը, որի հիման վրա ստեղծվելու է ապահովագրական հիմնադրամը, արդեն ունի ձևավորված ինստիտուցիոնալ կարողություններ: Նաև օրինակ է բերում մասնավոր ապահովագրականների հետ գործակցության պետության չհաջողված փորձը:
ՍԱՄՎԵԼ ԽԱՐԱԶՅԱՆ - 2002 թվականից հետո մասնավոր ապահովագրական ընկերություններին տրված արտոնությունների և այլ միջոցով նրանց խրախուսելու պետության բոլոր քայլերը չեն ավարտվել հաջողությամբ: Նույն 2012 թվականին սոցիալական փաթեթը, երբ որ փոխանցվեց նրանց, կային մեծ դժգոհություններ, և, ի վերջո, հսկայական գումար ուղղակի մնաց մասնավոր ապահովագրական ընկերությունների տնօրինությանը: Ի վերջո, որոշում կայացվեց նորից սոցիալական փաթեթը վերադարձնել Առողջապահության նախարարության տիրույթ:
Այս օրինակը, նաև եկամուտներով Հայաստանի հետ համեմատելի երկրների լավագույն փորձը, ըստ Խարազյանի, ցույց են տալիս, որ մեկ միասնական գնորդի համակարգն ավելի արդյունավետ է և՛ կազմակերպման ու կառավարման, և՛ ծախսերի, և՛ որակի տեսանկյունից: Ընդդիմախոսները, ընդհակառակը, ռիսկ են տեսնում:
ԷԼԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԱԱՊՀ փոխնախագահ) - Մեկ գնորդի մեխանիզմը ավելացնում է հավելյալ կոռուպցիոն ռիսկերը:
Քանի դեռ առողջության ապահովագրությունը կամավոր է, այդ ծառայություններն առաջարկում են մասնավոր ապահովագրական ընկերությունները: Դաշտում չորրորդ տեղը զբաղեցնող կազմակերպությունում 2022 թվականին առողջությունն ապահովագրել է շուրջ 40 հազար մարդ: Դրանք անհատական ապահովագրություններ չեն, այլ՝ կորպորատիվ: Այս ընկերությունն առաջարկում է տարբեր փաթեթներ: Արժեքը՝ տարեկան 30-150 հազար դրամ: Ըստ այդմ էլ՝ սահմանափակ ու ընդարձակ ծառայություններ: Շահառուները հիմնականում նախընտրում են ընդլայնված ծածկույթը, որը ներառում է ամբուլատոր-ստացիոնար բուժօգնություն, ատամնաբուժություն, ակնաբուժություն:
ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն) - Ընդհանուր առմամբ գոհ են: Իհարկե, կան նաև պայմանագրի պայմաններին ոչ այնքան ծանոթ հաճախորդներ, որոնց մոտ առաջանում է դժգոհություն: Քանի որ ապահովագրական գործունեությունը ԿԲ-ի կողմից վերահսկվող է, ստեղծվել են այնպիսի ինստիտուտներ, ինչպիսին ֆինանսական հաշտարարն է, դժգոհ անձինք կարողանում են դիմել ֆինանսական հաշտարարին:
Մասնավոր ընկերությունները, պարտադիր համապարփակ ապահովագրության ներդրմանը զուգահեռ, փաստորեն, պետք է վերանայեն իրենց առաջարկները: Հայաստանում նախատեսվող ապահովագրության մոդելը կիրառած երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ ընկերություններն առաջարկում են այնպիսի փաթեթներ և այնպիսի ծառայություններ, որոնք դուրս են մնացել պարտադիր ապահովագրության ծածկույթից:
ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ - Բնականաբար, այսօրվա գործող պայմանագրերի մեծ մասը անցնելու է պարտադիրի դաշտ, ու, բնականաբար, նրանց ապահովագրությունը տեղափոխվելու է: Այո՛, դա ապահովագրական ընկերությունների պորտֆելի կրճատման է տանելու էականորեն: Եթե հաշվի առնենք, որ առողջության ապահովագրությունը կազմում է մեր պորտֆելների 30-40 տոկոսը, ապա բնականաբար դա էական կրճատում է լինելու ապահովագրական ընկերությունների համար:
Սպասվում է, որ պարտադիր ապահովագրության ամբողջական ներդրման փուլում՝ 2027 թվականին, համակարգում ընդգրկված կլինի բնակչության առնվազն 95 տոկոսը, և բոլորը կունենան ծառայությունների նույն փաթեթը: Նախարարության նպատակն է, որ այդ փուլում պետական բյուջեից առողջապահական ծախսերի համար հատկացումները հասնեն ՀՆԱ-ի 4 տոկոսին՝ ներկայիս 1.5 տոկոսի փոխարեն: Առողջապահական ծախսերի 80 տոկոսը կգոյանա պետական բյուջեից, և միայն մնացած 20 տոկոսի համար բնակչությունը կվճարի որպես պարտադիր ապահովագրավճար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան