Հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի հետ կապված մի շարք հակասություններին է անդրադառնում դատախազը: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ 22 զինծառայող է ապրել, մեկն արձակուրդում է եղել, երկուսը դեպքի պահին դրսում են գտնվել, 2-ը՝ կապիտանը և նրան օգնության հասած օրվա հերթապահը, դուրս են եկել դռնով, ևս երկուսը՝ պատուհանների ճաղավանդակներից:
Արշակ Մարտիրոսյան (զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ) - 15 մահացած զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մեկ մահացած զինծառայողի դին հայտնաբերվել է նախասրահում, այսինքն՝ ննջարանի մուտքի դիմաց, ընդ որում՝ կցանկանամ նշել, որ նախասրահում տեղադրված է եղել նաև վառարանը, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է:
Մարտիրոսյանը նշեց՝ այս հանգամանքը հաստատվել է վարույթում առկա փաստական տվյալներով, այդ թվում նաև՝ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած ծառայողների հարցաքննության արձանագրություններով: Դատախազի խոսքով՝ զինծառայողի դին հենց ննջարանի մուտքի դիմաց՝ նախասրահում հայտնաբերված լինելու հանգամանքը ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի մուտքի դուռը փակված չի եղել:
Արշակ Մարտիրոսյան - Սակայն այդ հանգամանքի շուրջ դեռևս այս պահին քննությունը դեռ շարունակվում է, և ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ վարութային գործողություններ:
Դիտարկմանը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը Հանրայինի եթերում նշել էր, որ զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, դատախազն ասաց՝ նշված հանգամանքը ևս մանրակրկիտ քննության առարկա է դարձել:
Արշակ Մարտիրոսյան - Տվյալ պաշտոնատար անձը քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նախաքննական մարմնի կողմից և իր ցուցմունքով հերքել այդ հայտարարությունը, մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքը անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած աշխատակիցների հետ և վերջիններիս կողմից իրեն փոխանցված բանավոր տեղեկությունները այլ կերպ է ընկալել:
Դատախազը մեջբերում է Արսեն Սարոյանի ցուցմունքից հատված:
Արշակ Մարտիրոսյան - Երբ որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած ծառայակիցները կապնվել են, իրեն հայտնել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, որը ես ընկալել եմ, թե զինծառայողները գտնվել են պառկած մահճակալների վրա:
Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ավտոբենզինի շուրջ հակասություններին, մանրամասնեց՝ փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի կեսերին տվյալ զինվորական ստորաբաժանմանը հատկացվել է 80 լիտր ավտոբենզին՝ լցված 5 լիտրանոց պլաստմասսայե տարաների մեջ: Անձանակազմն այն պահել է կացարանին կից՝ բացազատված ավտոհավաքակայանում:
Արշակ Մարտիրոսյան - 80 լիտր ավտոբենզինից փաստացի, այսինքն՝ նախքան դեպքը օգտագործված եղել է 30 լիտր, և դեպքի օրը նախքան հրդեհը ավտոհավաքակայանում եղել են թվով 10 հատ 5 լիտրանոց տարաներ՝ լցված ավտոբենզինով, որոնցից 9-ը դեպքից հետո արդեն դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են, այսինքն՝ փաստացի պակասել է մեկ 5 լիտրանոց տարա ավտոբենզինով լցված, որը, ըստ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ կացարանում գտնվող սպան այդ տարան օգտագործել է նախասրահում գտնվող տեղակայված վառարանը վառելու համար:
Արշակ Մարտիրոսյանը հավելեց՝ ավտոբենզինը հատկացվել է հատուկ տեխնիկաների շարժիչները գործարկելու համար:
Այս օրերին հնչող հարցերից մեկն այն էր, թե ինչպես չի այրվել տարածքում գտնվող աթոռն ու գազօջախը։ Դատախազը նշում է՝ այս հանգամանքներով ևս քննություն է կատարվում, սակայն նախնական տվյալներով՝ ստորաբաժանման տեղակայվելու ժամանակահատվածում տան նախասրահում տեղադրված է եղել գազօջախ, սակայն տունը գազիֆիկացված չի եղել, և անձնակազմը գազօջախը դուրս է բերել, տեղակայել տան արտաքին պատի տակ, դրա կողքին նաև հին, չօգագործվող աթոռը:
Արշակ Մարտիրոսյան - Այսինքն՝ կարող ենք փաստել, որ դեպքի պահին հրդեհի ժամանակ և դրան նախորդող նաև ժամանակահատվածում փաստացի տվյալ գազօջախը և աթոռը տեղադրված չեն եղել տան մեջ, այլ տեղադրված են եղել տանը հարակից արտաքին պատի տակ:
Քննությամբ պարզվել է, որ կացարանում հակահրդեհային վահանակներ չեն եղել: Իսկ նախնական տվյալների համաձայն՝ կացարանի հատակը և ննջարանի մուտքի դուռը եղել են փայտյա:
Արշակ Մարտիրոսյան - Հիմնավորվել է, որ տվյալ զինվորական ստորաբաժանման ի սկզբանե տվյալ տանը տեղակայվելու պահից սկսած պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից չեն հատկացվել տվյալ ստորաբաժանմանը հակահրդեհային պաշտպանության միջոցներ, այսինքն՝ նման միջոցներով անձնակազմը ապահովված չի եղել:
Բացի այդ, ընթացիկ ստուգումներ չեն իրականացվել, ինչը օրենքի պահանջ է՝ շեշտում է դատախազը։ Հենց այդ անփութության համար էլ զորամասի թիկունքի պետ, հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանին, զորամասի կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ Մառլեն Սարգսյանին մեղադրանքներ են ներկայացվել, նրանք կալանավորվել են: Աղեկյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանն ասաց՝ հարցերին չի կարող պատասխանել վատառողջ լինելու պատճառով: Մյուս մեղադրյալը պաշտպան չունի: Դեպքից շաբաթներ անց մեղադրյալ է նաև վառարանը ավտոբենզինով վառել փորձող կապիտան Եղիշե Հակոբյանը, որը դեռ բուժման փուլում է: Պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ ապաքինվելուց հետո կապիտանը մանրամասն ցուցմունք տալու ցանկություն ունի:
Հովսեփ Սարգսյան (Եղիշե Հակոբյանի պաշտպան) - Օբյեկտիվորեն պետք է ասեմ, որ ակնդետ երևում է, որ Եղիշե Հակոբյանը ի վիճակի չէ նախ՝ առողջական վիճակի տեսանկյունից՝ ամբողջությամբ դեմքը և ձեռքերը այրված են:
Ըստ պաշտպանի՝ Հակոբյանի մեղադրանքը խիստ նախնական է:
Հովսեփ Սարգսյան - Դեռ պետք է հստակորեն պարզվի 15 զինծառայողների մահվան պատճառի և տվյալ դեպքում Եղիշե Հակոբյանի գործողությունների կամ անգործության պատճառահետևանքային կապը, արդյոք այդպիսին եղե՞լ է, թե՞ ոչ, որից հետ միայն վերջնական եզրահանգման գալ:
Դեռ 2022-ի դեկտեմբերին գլխավոր շտաբի պետի հրամանի համաձայն՝ զորամասերում արգելվել է վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը: Ինչու է կապիտանը բենզինով որոշել կրակը թեժացնել, պաշտպանը ձեռնպահ մնաց այդ մասին խոսելուց, նշելով՝ պաշտպանյալը դեռ ցուցմունք չի տվել:
Հովսեփ Սարգսյան - Բենզինով վառարանը վառելու հանգամանքը դեռևս շատ քիչ է, որպեսզի ասել՝ դա պատճառահետևանքային կապ ունի տուժողների մահվան հետ: Պատճառահետևանքային կապերը կարող են լինել տարբեր, դա վարկած է, որը դեռ պետք է հաստատվի կամ հերքվի:
Ըստ նրա՝ Հակոբյանը չի բնակվել այն կացարանում, որը հրդեհվել է, նա այլ տուն է վարձակալել:
Հովսեփ Սարգսյան - Այդ օրն է նա եկել, պարզապես էդտեղ զինվորներին առավոտյան ինչ-որ օգնել են տարբեր աշխատանքներ կատարելու, էդ օրն է եղել ընդամենը զինվորների հետ, շփումները շատ քիչ են եղել, այսինքն՝ զուտ ծառայության բերումով են զինվորները ունեցել իրենց վաշտի դասակի հրամանատարը, իսկ Եղիշե Հակոբյանը ինժեներական ծառայության սպա է, ով ունեցել է իր անմիջական հրամանատարը և կատարել է տարբեր հանձնարարություններ և էդ զինվորների հետ որևէ կերպ չի առնչվել ծառայության բերումով:
Ըստ պաշտպանի՝ դեպքից երեք շաբաթ առաջ կապիտանը զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել, բայց քանի որ չէր լրացել պայմանագրով ամրագրված ժամկետը, զորացրման զեկուցագիրը սպան փոխարինել է տեղափոխման խնդրանքով, սակայն չի հասցրել տեղափոխվել: Տուժողների հարազատներն այս օրերին նաև նշում էին՝ կապիտանի և զինվորների միջև լարված հարաբերություն է եղել, նույնիսկ վիճաբանություն: Սա ևս առանձին քննության է ենթարկվում՝ մանրամասնում է դատախազը:
Արշակ Մարտիրոսյան - Այդ կապակցությամբ ձեռնարկվում են մի շարք քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, ինչպես նաև հանձնարարություններ են տրված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Մարտիրոսյանը հավելում է՝ նախաքննությունը ակտիվ փուլում է, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, իրականացվում են բազմաթիվ քննչական և այլ վարութային գործողություններ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան