Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը Հակակոռուպցիոն դատարանը թույլ չտվեց նկարահանել: Առարկում էր պատասխանող Գասպարյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը՝ պատճառաբանելով, որ այս փուլում չի ցանկանում՝ թեման լուսաբանվի տեսանկարահանման միջոցով:
Դատարանը դեռ նախնական դատական լսումների փուլում է: Դատախազությունը պահանջում է Գասպարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 2,1 միլիարդ դրամի գույք ու մոտ 170 միլիոն դրամ: Այսօր դատարանը քննարկում էր նախորդ նիստում Վարազդատ Ասատրյանի ներկայացրած միջնորդությունը, որով վիճարկվում է գույքերից մեկի ձեռքբերման գործարքի իրական լինելը:
Ըստ Գասպարյանի ներկայացուցչի՝ այդ գույքի համար հայց ներկայացնելու վաղեմության ժամկետն անցել է: Այնինչ դատախազությունը պնդում է, որ ոչ թե գույքի իրական լինելն է վիճարկվում, այլ այն, որ գործարքը կնքվել է այլ անձի անունով, մինչդեռ օրենքի իմաստով իրական շահառուն Գասպարյանն է:
Համլետ Հարությունյան (ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Կարևոր է արձանագրել, որ պատասխանողի ներկայացուցիչը հղում է կատարել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» կարգավորումների, որոնք, դատախազության պնդմամբ, այս պարագայում չեն գործում, այս դեպքում գործում են հենց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կարգավորումները, ինչի մասին մենք մանրամասն դիրքորոշում ենք հայտնել նաև մեր առարկությամբ:
Դատական նիստի ընթացքում դատախազությունը հենց այդ առարկությունները ներկայացրեց, իսկ դատարանը ապացուցման բեռը բաշխեց հայցվոր և պատասխանող կողմերի վրա: Պատրաստվելու համար ժամանակ խնդրեց միայն Գասպարյանի ներկայացուցիչը:
Դատարանը որոշեց, որ իր վկայակոչած այդ հանգամանքը պետք է ապացուցի, որ վաղեմության ժամկետը սկսել է հոսել միջնորդությամբ նշված գույքի ձեռքբերման օրվանից:
Վիճարկվող գույքը Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկն է, որը ձեռք է բերվել 2008-ին: Պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը հրաժարվեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնել: Հաջորդ նիստին դատարանը կշարունակի այս միջնորդության քննարկումը:
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել «4 անշարժ գույք Երևանում՝ մեկ բնակելի տուն, 2 բնակարան և մեկ ավտոտնակ, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում՝ արտադրական նշանակության 1 անշարժ գույք, 1 բնակելի տուն և 1 հողամաս, 3 տրանսպորտային միջոց: Անհնարինության դեպքում բռնագանձել անշարժ և շարժական գույքի շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 2 միլիարդ 135 միլիոն դրամ»:
Վլադիմիր Գասպարյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել 18 տարի։ Ոստիկանապետ է եղել 7 տարի:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան