Վերջին շրջանում ֆոտոթակարդները հաճախ են ֆիքսում Հայաստանի կարմիր գրքում ներառված կենդանիների: Երկու օր առաջ, օրինակ, ֆոտոթակարդը նկարահանել է զբոսանքի դուրս եկած ընձառյուծի, որը ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում՝ որպես «վտանգված» տեսակ։
Ժակ Նիազյան (WWF-Armenia-ի հանրային կապերի և համագործակցության բաժնի ղեկավար) - Արդեն ավելի քան 20 տարի է՝ Բնության հանաշխարհային հիմնադրամը ՇՄՆ-ի հետ համատեղ հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում իրականացնում է վտանգված կենդանատեսակների պահպանության աշխատանքներ: Ունենք ավելի քան 100 տեսախցիկ, որոնք օգնում են իրականացնելու հենց հիմնական մոնիտորինգի աշխատանքները, ընդ որում՝ մոնիտորինգի աշխատանքները այն կենդանատեսակների, որոնք շատ հաճախ վարում են գիշերային կամ խիստ թաքնված ապրելակերպ, որոնցից է նաև հենց ընձառյուծը: Հատկանշական է, որ 2022 թ. մոնիտորինգի արդյունքում գրանցվել է նախադեպային 9 առանձնյակ, ինչն իրականում մեզ համար ֆենոմենալ արդյունք է:
Բնության համաշխարհային հիմնադրամը նաև հաշվառում է վտանգված կենդանատեսակները և պարզել է, որ վերջին տասնամյակում գրանցվել է բեզոարյան այծի թվաքանակի զգալի աճ:
Ժակ Նիազյան - Ստեղծել ենք նաև խնամակալների ցանց համայնքների պահպանվող տարածքներում, որոնք համայնքի ներկայացուցիչներ են, ովքեր էլ հենց համայնքներում իրականացնում են հիմնական պահպանության աշխատանքները:
2022-ին ֆոտոթակարդում մոտ մեկ ժամ տարբերությամբ երկու տարբեր հովազներ են ֆիքսվել: Ֆոտոթակարդները նպաստել են նաև որսագողության դեպքերի բացահայտմանը:
Ռուբեն Խաչատրյան (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն) - Էդ կամերաները գողանալը անիմաստ ա, որովհետև իրենք ոչ մի բան էքստրակտ չեն կարող անել, չեն կարող քաշել միջից որևէ նյութ, կամերաների դիրքը և տեղը, անկախ միացած-չմիացած լինելուց, միևնույն է՝ ջարդելուց հետո երևում է:
Ձեռք բերված օնլայն տեսախցիկներն էլ օժտված են ավտոմատացված ռեժիմներով, որոնք թույլ են տալիս հրդեհի դեպքում արագ արձագանքել:
Ռուբեն Խաչատրյան - Այս տարի լայնամասշտաբ համագործակցություն սկսեցինք նաև ԱԻՆ-ի հետ, ստորագրվեց հուշագիր այդ թեմայով, որովհետև էդ կամերաները կարող են արագ արձագանքնել, երբ շատ հեռվում՝ նույնիսկ տասնյակ կիլոմետրեր հեռու, մի փոքր կրակի օջախ կա: Միանգամից ազդանշան են տալիս, որպեսզի մենք, մեր անտառապպահները կարողանան հասցնել, գնալ կամ տեղեկացնել համապատասխան մարմիններին:
Խաչատրյանը նշում է, որ ֆոտոթակարդները չեն կարող տեղադրել պետարգելոցի կամ այլ կազմակերպությունների վարձակալած տարածքներում:
Ռուբեն Խաչատրյան - Հուսով եմ, որ սրանք մի օր կլուծվեն, և էս ինֆորմացիան կբերվի, որտեղ որ իրականում կհամադրվի և մեկ ընդհանուր պատկերով պարզ կլինի Հայաստանի վայրի կենդանական աշխարհի շարժը, նաև տեսակները և քանակությունները:
Ֆոտոթակարդները արձանագրել են նաև կենդանիների շարժին, որոնք վնասվածքներ ունեն. դրանք, մասնագետի խոսքով, կա՛մ թակարդների, կա՛մ ականների վրա պայթելու հետևանք են:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան