ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԲԱՅՐԱՔԹԱՐԻ» ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի շահագործման համար անհրաժեշտ համատեղ ուսումնական-սպասարկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Գերատեսչության ներկայացուցիչ Բորիս Զակուտնին նշել է, որ Ուկրաինայում «Բայրաքթար» կենտրոնի կառուցման վայրն արդեն համաձայնեցվել է:
Նա հավելել է, որ երկկողմ գործակցությունն ամրապնդելու համար Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և «Բայքար» ընկերությունը հուշագիր են ստորագրել։ Իսկ Գերագույն ռադան համատեղ կենտրոնի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հավանություն է տվել Ուկրաինայի և Թուրքիայի կառավարությունների միջև բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տիեզերական արդյունաբերության ոլորտներում գործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՌԴ-Ն ԳԵՐԻՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդական ջանքերի շնորհիվ անցկացրած բանակցությունների արդյունքում վերադարձվել է ՌԴ Զինված ուժերի 63 զինծառայող։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ տեղեկացրել է, որ գերիների փոխանակման շրջանակում Կիևը վերադարձրել է ուկրաինացի 116 զինծառայողի, որոնցից երկուսը սպաներ են, մյուսները՝ շարքայիններ և սերժանտներ։
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՀԱՆԴԵՊ
ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթամթերքի գնի վերին սահմանաչափ կիրառելու մասին որոշումը, այն է՝ 100 դոլար՝ դիզելային վառելիքի և բենզինի մեկ բարելի դիմաց: Այդ մասին հայտնել են ԵՄ խորհրդի և Եվրահանձնաժողովի մամուլի ծառայություններից։ Նպատակն է՝ սահմանափակել Ռուսաստանի եկամուտները:
Սահմանաչափը կտարածվի արևմտյան գործարար շրջանակների և արևմուտքի վերահսկած լոգիստիկ ընկերությունների ու տարածքների վրա: Փետրվարի 5-ից կմեկնարկի 55-օրյա անցումային շրջանը։ Սահմանափակումները չեն գործի այն արտադրանքի նկատմամբ, որը բեռնվել է մինչև փետրվարի 5-ը:
Վերին շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» և Եվրոպական միության երկրներն ու Ավստրալիան տեխնիկական, ապահովագրական և այլ ծառայություններ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե նավթամթերքը ձեռք բերվի սահմանված կամ դրանից ավելի ցածր գնով:
ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱՆԿԱՐԱ-ԴԱՄԱՍԿՈՍ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Նախարարները քննարկելու են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Ակնկալվում է, որ կբարձրացվի նաև Սիրիայի և Թուրքիայի նախագահներ Բաշար ալ-Ասադի և Ռեջեփ Էրդողանի միջև հնարավոր բանակցությունների հարցը:
«Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ռազմական պատվիրակությունների փորձագիտական մակարդակով հանդիպումը նախատեսված է փետրվարին»,- տեղեկացրել է Բոգդանովը: Քաղաքական գործչի խոսքով՝ բանակցություններին ներգրավված է նաև Իրանը: