Հակակոռուպցիոն կոմիտեի թափուր հաստիքների համալրումը շարունակվում է: Ընդհանուր առմամբ՝ կոմիտեի ստեղծումից ի վեր ինքնավար պաշտոնների համալրման համար անցկացվել է 5 մրցույթ, օպերատիվ հատվածինը՝ 6:
Հաղթող է ճանաչվել 77 մասնակից:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայան - Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ինքնավար պաշտոնների քանակը 40 էր, դրանցից թափուր էին մնացել դեկտեմբերի 31-ին՝ 8-ը: Հունվարի 1-ին, համապատասխան որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեին լրացուցիչ տրվեց նաև ինքնավար պաշտոնների ևս 40 հաստիք, որոնք այս պահին մրցույթի են դրված և այս պահին իրականացվում է ցանկացողների հայտերի ընդունումը:
Օպերատիվ-հետախուզական պաշտոնների համար հատկացված է 120 հաստիք, որից կեսը դեռ թափուր է: Վերջերս հայտարարված մրցույթը հունվարի 18-ին էր: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ կարող է լինել Հայաստանի այն քաղաքացին, որն ունի իրավաբանի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, մեկ տարվա աշխատանքային ստաժ, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին: Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Իսկ օպերատիվ ծառայողի համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն ցանկացած ոլորտում և մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Մուշեղ Բաբայան - Մրցույթի են ներկայացված քննիչից մինչև հատուկ գործերով ավագ քննիչի, օպերլիազորի և ավագ լիազորի պաշտոններ: Բոլոր նրանք, ովքեր բավարարում են օրենքով սահմանված պայմաններին և ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու արժանապատիվ ցանկություն, կարող են հայտերը ներկայացնել մինչև փետրվարի 18-ը:
Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը ներկայացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի կադրերի վարչություն, հետո թեկնածուների մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը հաղթահարելուց հետո անցնում բարեվարքության ստուգում:
Մուշեղ Բաբայան - Ստուգման վերջին փուլը հարցազրույցն է, որից հետո արդեն հանձնաժողովը համապատասխան եզրակացության է հանգում:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը նշում է՝ կոռուպցիոն և տնտեսական հանցագործություններում ներգրավված անձինք մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները, իսկ դրան պատշաճ հակազդելու համար նաև վերապատրաստումներ ու դասընթացներ են իրականացվում, հրավիրվում են մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան