Հատակը ճռճռում է, պատերը՝ ճոճվում, տանիքը՝ կաթում: Իսկ ցուրտը դպրոց է մտնում մաշված ու ցելոֆանապատ պատուհաններից: Էջմիածնի ամենահին դպրոցներից մեկը՝ 1-ինը, պետության ուշադրության կարիքն ունի: Վթարայնության 2-րդ աստիճան ունեցող կրթօջախում ավելի քան 450 երեխա է սովորում: Դժվար է հատկապես տարրական դպրոցի սաների ուշադրությունը կենտրոնացնել, երբ քայլելիս հատակը սկսում է ճռճռալ:
Ռուզաննա Վարդանյան (Էջմիածնի 1-ին դպրոցի դասվար) - Երբ քայլում ենք, ձայներ են գալիս, շեղվում են, բայց այնպես ենք անում, որ երեխաները կարողանան դասը լսել:
Վախենալով, որ պատը կարող է փլուզվել, փորձել են հատուկ նյութով ճեղքերը փակել, ժամանակավոր լուծում տալ: Իսկ փայտե հատակի ճեղքերը քողարկել են կարկատաններով՝ հույս ունենալով, որ միջատներն ու առնետները ելումուտ չեն անի: Հատակի լայն անցքերի պատճառով ուսուցչուհիները հրաժարվել են բարձրակրունկ կոշիկներից:
Գոհար Հունանյան (Էջմիածնի 1-ին դպրոցի դասվար) - Շարժվող հատակ կա, ամբողջությամբ պոկվում էր, որոշակի չափով ամրացրել ենք, բայց էլի պոկվում է:
Չնայած պայմանների բացակայությանը՝ ամեն ինչ անում են, որ կրթության որակը չտուժի: Եղած հնարավորությունները, սակայն, բարձր դասարանցիներին չեն բավարարում. գործնական պարապմունքներ են ուզում, որ տեսականը պրակտիկայով ամրապնդեն:
Գեղեցիկ, տաք ու հարմարավետ դպրոցը երազանք է թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար: 9-երորդցիները վերջին ամիսներն են այստեղ անցկացնում. ավագ դպրոցներից որն էլ ընտրեն՝ բարեկարգ է: Ուզում են, թեկուզ իրենցից հետո, նորոգված դպրոց ունենան, որ դասի գալը սիրով լինի:
Մարզպետարանում ծանոթ են 1-ին դպրոցի խնդրին: Կառավարության գործընկերների հետ պարբերաբար քննարկում են պետական որևէ ծրագրում ներառելու համար:
Սոնյա Բուդաղյան (Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ) - Կա կառավարության որոշում՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ՝ կառուցվող, վերանորոգվող և հիմնանորոգվող, լիահույս ենք, որ այդ ծրագրում կընդգրկվենք. մեր գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք:
Քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցը, սակայն այլ խնդիր էլ ունի. ամբողջությամբ շրջապատված է առևտրի և սպասարկման օբյեկտներով: Երեխաները երբեմն տհաճ տեսարանների են ականատես լինում հատկապես մսավաճառների մոտով անցնելիս:
Լիլիթ Պետրոսյան (Էջմիածին 1-ին դպրոցի տնօրեն) - Բազմաթիվ ծնողներ դժգոհում են, թե ինչու պիտի մեր երեխաներն առավոտյան դպրոց գնալիս անասունի արյունոտ գլուխ տեսնեն, մեքենաներն էլ մուտք էին գործում դպրոց:
Ուսուցիչները հույս ունեն, որ դպրոցը կընդգրկվի առաջիկայում կառուցվող կրթօջախների ցանկում: Այդ ժամանակ էլ, ասում են՝ գուցե տարածքը մաքրվի տհաճ տեսարաններից: