Հայաստանում նաև օրգանական գինի կարտադրվի:
Արդեն երկու ընկերություն օրգանական գինի արտադրելու հավաստագիր է ստացել, շշալցումից հետո առաջիկայում արտադրանքը կհայտնվի տեղական շուկայի ցուցափեղկերին: Օրգանական հավաստագիր տրամադրող միջազգային ընկերությունում վստահ են՝ հայկական գինիները պահանջված կլինեն նաև արտերկրում:
Նունե Դարբինյան («Էկոգլոբ» ընկերության օրգանական սննդի հավաստագրող) - Հուսով ենք, որ գինիները լավը կստացվեն. օրգանականները նույնպես հաջողությամբ կշշալցվեն, կմակնշվեն և կարտահանվեն:
Օրգանական չիր, խյուս՝ հյութերի արտադրության համար. այս արտադրատեսակների սպառումն աշխարում անսահմանափակ է. մեր վերամշակողները կարող են ավելացնել իրենց արտադրանքի ծավալը, եթե վերապրոֆիլավորվեն. այժմ այդ հնարավորությունը ստեղծվել է:
Նունե Դարբինյան - Ես համոզված եմ, որքան որ Հայաստանը օրգանական սերտիֆիկացված չիր արտադրի, այդքան նա իր սպառումը կգտնի:
Չմշակվող հողեր Հայաստանում կան, ինտենսիվ այգեգործությունն էլ իր հերթին է զարգանում: Սակայն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններ չկան: Օրգանականն ունի իր առանձնահատկություններն ու խիստ պահանջները՝ սկսած այգու բերքի մշակումից մինչև վերջնական արտադրանք. ոլորտում գրավիչ ծրագրեր իրականացնելու դեպքում, զուգահեռ, օրգանական արտադրություն կսկսեն նաև վերամշակողները:
Նունե Դարբինյան - Եթե ինչ որ գրավչություն ստեղծվի, ստեղծվի պետական քաղաքականություն, որ սովորական ֆերմերը փոխակերպվի օրգանական ֆերմերի և տա այն հումքը վերամշակման համար, ես համոզված եմ, որ վերամշակումը այդ հումքը սիրով կվերամշակի, իսկ արտադրական ծավալները կաճեն:
«Պարտադիր չէ ստանալ վերջնական արտադրանք ու արտահանել սեփական բրենդով»,- պարզաբանում է օրգանական սննդամթերքի մասնագետը:
Այս ուղղությունում արտահանվում են նաև օրգանական մրգերի կիսաֆաբրիկատներ, օրինակ՝ կարելի է արտահանել մրգի խյուս, որից ցանկացած երկրում կարելի է հյութ ստանալ:
Կիսաֆաբրիկատ վիճակով դրանց արտահանումը ևս տնտեսապես արդյունավետ տարբերակ է: