Հայաստանում հակաբիոտիկների, սրտանոթային դեղամիջոցների և այլ որոշակի դեղամիջոցների դեֆիցիտ է նկատվում. այս խնդիրը միայն մեր երկրում չէ, շատ երկրներում է նույն իրավիճակը նկատվում:
Մասնագետների խոսքով՝ պատճառը միջազգային դեղագործական շուկայում հումքի և լոգիստիկ շղթաների խաթարումն է:
Հայաստանի առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության պատասխանատուն վստահեցնում է՝ դեֆիցիտը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ մարդկանց բուժման վրա, քանի որ բոլոր այն դեղերը, որոնք կարող են փոխարինվել այլ դեղատեսակներով, իրենք ապահովել են մեր երկրում:
Հենց երևանյան դեղատներում փորձեցինք հասկանալ, թե ինչպես են արձագանքել այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել գտնել անհրաժեշտ դեղամիջոցը: Աշխատակիցների խոսքով՝ փոքր-ինչ խուճապային վիճակ նկատվել է հունվարի առաջին տասնօրյակում, երբ այլընտրանքային դեղամիջոց առաջարկելը ևս դժվար է եղել:
Դեղագետը վստահեցնում է՝ խնդիրը լուծվել է. այս պահին էլ գուցե կոնկրետ ինչ-որ հակաբիոտիկ չլինի, բայց այլ փոխարինող դեղամիջոց են տրամադրում:
Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության պատասխանատուն հստակեցնում է՝ խնդիրը կարգավորելու համար մի շարք որոշումներ են կայացվել, նաև շաբաթվա կտրվածքով մոնիտորինգ են իրականացնում Հայաստան ներմուծվող դեղերի քանակի վերաբերյալ, որ հստակ լինի՝ արդյո՞ք այս պահին առկա դեղերը բավարար են ներքին պահանջարկի համար:
Ըստ ուսումնասիրության՝ կան որոշ դեղեր, որոնք փոխարինման ենթակա չեն, այդ պատճառով նախարարությունը ժամանակավոր որոշում է կայացրել և թույլ տվել մինչև այս տարվա մարտի 1-ը մի խումբ չգրանցված դեղերի մուտքը Հայաստան:
Դրանք են.
1. Անզգայացնողներ,
2. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր,
3. Հոգեմետ դեղեր,
4. Հակաթույներ և թունավորումների ժամանակ կիրառվող դեղեր,
5. Հակաուռուցքային և իմունաճնշիչ դեղեր,
6. Հակապարկինսոնային դեղեր:
Մարինե Հարությունյան (ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության բժշկական տեխնոլոգիաների բաժնի պետ) - Այսինքն՝ երբ որ կա որոշակի խմբի դեֆիցիտ, ուսումնասիրվում է դրա պահանջարկը, գնահատվում է՝ արդյո՞ք առանց այդ դեղի կամ դեղի դոզայի հնարավոր չէ իրականացնել բնակչության սպասարկում, ու իրականացվում է ժամանակային քաղաքականություն, չգրանցվածի մուտքը թույլատրվել է, մինչև կլուծվի հարցը համաշխարհային շուկայում, քանի որ ՀՀ 85 տոկոս դեղերը ներմուծվում են այլ երկրներից:
Հայաստանի դեղերի մեծ խմբաքանակ ներմուծվում է եվրոպական երկրներից, Ռուսաստանից և Ուկրաինայից:
«Դեղերի շուկայում դեֆիցիտ առաջացել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով»,- նշում է Մարինե Հարությունյանը, պնդում՝ հիմա խնդիրը կարգավորելու համար նաև այլ քայլեր են ձեռնարկում:
Մարինե Հարությունյան - Քանի որ գրանցումները եղել են ուկրաինական արտադրողների, բայց այլ տարբերակներ գրանցված կան Բելառուսում և ՌԴ-ում, այդ փաստաթղթերի ներկայացումը հիմա ընթանում է, և այդ խնդիրների համար ԱՆ-ն այսպիսի որոշում է կայացրել, որ չգրանցված դեղեր մուտք գործեն երկիր. բոլոր երկրները այս քաղաքականությունը կիրառում են:
Իսկ թե ինչու է աշխարհում դեղերի դեֆիցիտ առաջացել, մասնագետները պարզաբանում են՝ կորոնավիրուսի ընթացքում առանց բժշկի ցուցումների մեծ քանակությամբ հակաբիոտիկ է սպառվել, բացի այդ, նույն ժամանակահատվածում ավելացել է հոգեմետ և հակադիաբետիկ դեղերի պահանջարկը, ինչին արտադրողները պատրաստ չեն եղել: