Կիևում տեղի է ունեցել Ուկրաինա-Եվրամիություն 24-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ու ԵՄ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հանդիպման օրակարգում են եղել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հակամարտության կարգավորման՝ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացրած ծրագիրը, ինչպես նաև Ուկրաինային ԵՄ հետագա աջակցությունը, այդ թվում՝ ռազմական։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ավարտում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու մասով Եվրահանձնաժողովի յոթ հանձնարարականների կատարումը։ «Ակնկալում ենք, որ գարնանը Եվրահանձնաժողովը կներկայացնի մեր առաջընթացի միջանկյալ գնահատականը, և այն կլինի դրական»,- հավելել է նախագահը: Շառլ Միշելն էլ հավատացրել է՝ գագաթնաժողովի հիմնական նպատակն է ուղերձ հղել այն մասին, որ ուկրաինական ժողովրդի ապագան ԵՄ-ի հետ է:
Եվրոպացի քաղաքական գործիչները նաև տեղեկացրել են, որ մտադիր են ընդունել հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթը և ստեղծել միջազգային հատուկ կառույց, որը կհետաքննի ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունները:
Անդրադառնալով մարտի դաշտում ստեղծված իրավիճակին՝ Զելենսկին ընդգծել է՝ Կիևը չի հանձնի Բախմուտը, որտեղ այժմ կատաղի մարտեր են ընթանում։ Նա նշել է, որ ուկրաինական զորքերը կարող են հակահարձակման անցնել Դոնբասում, եթե Արևմուտքն Ուկրաինային հեռահար զենք մատակարարի։